Եվրոպական միության ներկայացուցիչները պայմանավորվել են երեք տարով երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք տարածվում են շուրջ 3 հազար ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա։ Սակայն պատժամիջոցների ցանկից հանվել են երկու ռուսաստանցի օլիգարխներ։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։
Նշվում է, որ ԵՄ ներկայացուցիչները պայմանավորվել են պատժամիջոցների ցանկից հանել ռուսաստանցի միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովին և Միխայիլ Ֆրիդմանին՝ պատժամիջոցները երեք տարով երկարաձգելու դիմաց։ Լատվիան մինչև վերջին պահը դեմ է արտահայտվել այս որոշմանը։ Պատժամիջոցների երկարաձգման համար պահանջվում է միաձայն աջակցություն։
Պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2029 թվականի սեպտեմբերի 22-ը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Ֆրանսիան, Ադրբեջանի ճնշման ներքո, կոչ է անում ԵՄ-ին վերացնել ռուս-ուզբեկ միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
Ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը Reuters-ին հայտնել էր, թե Բաքուն ճնշում չի գործադրել Փարիզի վրա՝ Ալիշեր Ուսմանովին ԵՄ պատժամիջոցների ցուցակից հանելու համար։
«Ադրբեջանը երբեք չի միջամտել և չի մասնակցել ԱՄՆ-ում կամ Եվրոպական միությունում պատժամիջոցների գործընթացներին»,- հայտարարել էր դիվանագետը՝ նման տեղեկություններն անվանելով «անհիմն»։
Միևնույն ժամանակ նա հաստատել էր, որ Բաքուն բացահայտորեն հանդես է եկել Ուսմանովին արևմտյան պատժամիջոցների ցուցակներից հանելու օգտին։