Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է ԱՄՆ-ի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով իրանցի երկու պաշտոնյաների։
«Քննարկումները կենտրոնացած են համաձայնության հասնելու ուղիների որոնման վրա», — հայտնում է պարբերականը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Պակիստանի և Կատարի միջնորդությամբ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Նյու Յորքում հանդիպում են անցկացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ժամանած իրանական պատվիրակության անդամների հետ։ Թրամփի խոսքով՝ Թեհրանի հետ շփումները կշարունակվեն, և օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում է սպասվում։
Թրամփը այս հայտարարությունն արել էր Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո։ Նրա խոսքով՝ բանակցությունները տևել են մոտ երեք ժամ և անցել են «շատ լավ»։ Եվս մեկ հանդիպում պետք է տեղի ունենա «մոտ ապագայում»։
«Կարծում եմ՝ համաձայնություն ձեռք կբերվի։ Նրանք ցանկանում են մեզ հետ խոսել», – հայտարարել էր Թրամփը։
Հայտարարությունը հնչել էր Թրամփի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից մի քանի ժամ անց, որի ընթացքում նա սպառնացել էր դիվանագիտության ձախողման դեպքում վերսկսել հարվածները Իրանի ուղղությամբ, սակայն միաժամանակ վստահություն էր հայտնել, որ Վաշինգտոնն ու Թեհրանը, ի վերջո, կկարողանան համաձայնության գալ։