Փաշինյանի «գալու եմ կոշիկները հանեմ» արտահայտությունը հիվանդ և հակաօրինական միտք է․ Քոչարյանի պաշտպան

Նիկոլ Փաշինյանի «գալու եմ կոշիկները հանեմ»-ը՝ ուղղված Քոչարյանին ու նրա որդուն, հիվանդ և հակաօրինական միտք է․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Իշխանության պարտականությունն է՝ ապահովել, որ Հայաստանի բոլոր քաղաքացիներն ունենան կոշիկ, տաբատ, վերնաշապիկ, լինեն կուշտ, բուժված, տանիք ունեցող, այսինքն՝ դա իր պարտականությունն է։ Ազգային ժողովի մանդատը տրված է որպես ընդհանուր մանդատ, չի տրված, որ ընտրողները կունենան, չընտրողները չեն ունենա։ Կառավարությունը ծառայում է ամբողջ Հայաստանի Հանրապետությանը, ներառյալ՝ այն մարդկանց, որոնք չեն քվեարկել իրենց քաղաքական ուժի օգտին։ Եվ այդ պնդումը, որ պետք է ինչ որ մի քաղաքացու, էական չէ՝ որ քաղաքացու, կոշիկները հանեն, հիվանդ և հակաօրինական, ապօրինի միտք է»,- ասաց Օրբելյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի և ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի միջև բանավեճը վերաճել էր անձնական վիրավորանքների։ Փաշինյանը, դիմելով Լևոն Քոչարյանին, հայտարարել էր. «Հեսա կտենանք՝ ով ա խելոք, կոշիկդ հագիցդ հանելու ենք կախած վիճակում»։ Նա հավելել էր, որ «Ռոբերտ Քոչարյանենցից նույնիսկ ապօրինի կոշիկն ենք վերադարձնելու»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *