Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը փորձում է դիվանագիտական սիրաշահման միջոցով բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ. գրում է Eurasianet-ը։
«Պուտինը զարմացրեց Հայաստանի և այլ երկրների դիտորդներին՝ սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ հղելով իր գլխավոր հակառակորդներից մեկին՝ Նիկոլ Փաշինյանին՝ Ռուսաստանի տիրապետությունից Հայաստանի վերանկախացման 35-ամյակի կապակցությամբ։ Այս շնորհավորանքը հատկապես ուշագրավ էր, քանի որ Պուտինը պահպանում էր ցուցադրական լռություն հունիսին՝ Փաշինյանի վերընտրությունից հետո. խորհրդարանական այդ ընտրություններում Ռուսաստանը կիրառել էր զանազան «կեղտոտ» հնարքներ՝ ապարդյուն փորձելով հասնել գործող ղեկավարի պարտությանը», – գրում է կայքը։
Ինչպես նշում է կայքը, վերջին 18 ամսվա ընթացքում Փաշինյանը հետևողականորեն վարել է Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը երկրի ավանդական ռազմավարական գործընկեր Ռուսաստանից դեպի Արևմուտք փոխելու քաղաքականություն։ Ի հիասթափություն Մոսկվայի՝ Երևանը քայլեր է ձեռնարկել՝ սկսելու Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը, որն, ըստ կանխատեսումների, երկարատև է լինելու։
Հայաստանն արդեն իսկ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, որը ԵՄ-ի մրցակիցն է և գործում է Ռուսաստանի ղեկավարությամբ։ Ռուսաստանը պնդում է, որ Հայաստանը մոտ ապագայում պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև՝ շեշտելով, որ Երևանը չի կարող անդամակցել երկու կազմակերպություններին միաժամանակ։
Մոսկվայի կիրառած ճնշման ու սպառնալիքների մարտավարությունը, ակնհայտորեն, արդյունք չի տվել և չի ստիպել Փաշինյանին հրաժարվել եվրոպական ինտեգրման ուղուց։ Ուստի՝ թվում է, թե Կրեմլի համար մնացած միակ տարբերակը բարյացակամություն դրսևորելն է։ Սակայն, հաշվի առնելով Պուտինի՝ կոշտ ու ճնշող գործելաոճի երկարատև պատմությունը, Կրեմլի համար, ամենայն հավանականությամբ, չափազանց դժվար կլինի համոզիչ կերպով ներկայանալ որպես բարյացակամ գործընկեր։