«Քաղաքացիական պայմանագիր»-ը հունիսի 7-ի ընտրություններում հաղթել է տոտալ «բեսպրեդելի», ճնշումների արդյունքում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 60․000 ձայն գողանալու միջոցով։ Եվ այս ամենով հանդերձ՝ ՔՊ-ն չկարողացավ 50% ձայն հավաքել և, որ ամենակարևորն էր, սահմանադրական մեծամասնություն ունենալ Ազգային ժողովում։ Եվ հիմա իրենց այս հիստերիկ նոպաները, պարբերաբար սրացումները նաև հենց դրա մասին են վկայում․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սևակ Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է սպասվող ՏԻՄ ընտրություններին․ «Ես կարծում եմ, որ ընտրություններին մասնակցությունը շատ կարևոր է, որովհետև իրականում դա քաղաքական պրոցես է, և բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք ունեն բջիջներ համայնքներում, որոնք ունեն համակիրներ, պետք է մասնակցեն ՏԻՄ ընտրություններին։ Ամեն դեպքում մենք նույն Գյումրիի ու Փարաքարի դեպքում տեսանք, որ քվեարկության արդյունքներով ստացվեց, որ ընդդիմադիր մարդիկ, ընդդիմադիր կուսակցությունները ղեկավարեցին»։
Իսկ հետո, ըստ նրա, տեսանք՝ ինչ տեղի ունեցավ՝ Վալոդյա Գրիգորյանը սպանվեց, ի դեպ, այսօր մեկ տարին է լրանում ողբերգական սպանության։ Նույնն էլ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում։
«Նախկինում, եթե (իշխանությունները-Խմբ․) սպասում էին քվեարկության արդյունքներին, որ տեսնեին, նոր բռնաճնշումներ տեղի ունենային, հիմա, այսպես ասած, մի քիչ «խելքի են եկել»՝ նախօրոք են բռնաճնշումներ իրականացնում, բոլոր կարող ուժերին արանքից հանում են, որ մնա միայն ՔՊ-ն»,-ասաց պատգամավորը՝ օրինակ բերելով Արմավիրում սպասվող ՏԻՄ ընտրությունները․ «Քանի որ տարածքային կառավարման նախարարն Արմավիրից է, ինքը որոշել է, որ ընդհանրապես Արմավիրում չպիտի որևէ ուրիշ քաղաքական ուժ, ընդդիմադիր ուժ մասնակցի։ Մարդիկ մտել են անձնագրային բաժանմունք՝ վերցնեն տեղեկանքները, որպեսզի առաջադրվեն, կես ժամ հետո տոտալ բռնաճնշումներ են սկսվել՝ սկսած ոստիկանությունից, վերջացրած վարչական շրջանի ղեկավարներով»։
Նա նշեց, որ իրենք կանգնած են այն բոլոր ընդդիմադիր ուժերի կողքին, որոնք մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին։