Միացյալ Նահանգները պատրաստվում է ներկայացնել TRIPP-ի զարգացմանն ուղղված իր ջանքերի հաջորդ փուլը, որն, ըստ Վաշինգտոնի, կարող է բացել նոր առևտրային ուղիներ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և արևմտյան շուկաների միջև․ գրում է Radio Free Europe/Radio Liberty-ն։
Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին հայտնել են, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայանալիք միջոցառումը կենտրոնանալու է այն ինստիտուցիոնալ և ֆինանսական մեխանիզմների վրա, որոնք անհրաժեշտ են TRIPP-ը նախորդ տարվա հայ-ադրբեջանական խաղաղության նախաձեռնությունից դեպի գործնական իրականացման փուլ տեղափոխելու համար: Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների ներկայացուցիչները՝ Ղազախստանը և Ուզբեկստանը, ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսը և ավելի քան 40 ընկերությունների ղեկավարներ, որոնցից շատերն ամերիկյան են։
«Սա մեզ համար անվտանգության կարևորագույն խնդիր է դառնում», – ռադիոկայանի հետ զրույցում նշել է պաշտոնյան՝ առևտրային գործող «սահմանափակող օղակների» (choke points) վերացումը որակելով որպես առանցքային նպատակ։
Տարանցիկ երթուղին կմշակվի և կկառավարվի ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող ընկերության կողմից, ինչը Վաշինգտոնին կտա բացառիկ իրավունքներ՝ միաժամանակ փաստացի դուրս թողնելով Ռուսաստանին ազդեցության իր ավանդական գոտիներից մեկում իրականացվող ռազմավարական նշանակություն ունեցող նախագծից։ Պաշտոնյաները նշել են, որ օգոստոսյան գագաթնաժողովից ի վեր հրադադարի խախտումներ չեն արձանագրվել, և որպես տնտեսական ինտեգրման աճի վկայություն՝ մատնանշել են վառելիքի և գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակ ծավալներով առևտուրը։
Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն գործում են այնպես, կարծես խաղաղությունն «անխուսափելի» է, թեև վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ։ Վաշինգտոնը մտադիր է զարգացնել TRIPP-ն՝ այդ գործընթացին զուգահեռ պնդելով, որ տնտեսական ավելի խոր ինտեգրումը կարող է օգնել վերացնել մնացած խոչընդոտները։
Չնայած TRIPP-ն իրականացման ուղղությամբ տանելու ծրագրերին՝ Հայաստանով անցնող մոտավորապես 43 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը դեռևս չի սկսվել: Ակնկալվում է, որ հատվածը կներառի երկաթուղի, ճանապարհ, խողովակաշարեր, էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքներ և թվային տվյալների կապուղիներ։ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Ադրբեջանն արդեն իսկ իր սեփական միջոցներով կառուցել է ենթակառուցվածքներ դեպի հայկական սահման։ Թուրքիան նմանապես զարգացնում է ենթակառուցվածքները մինչև սահմանը: Հայաստանի միջով անցնող մնացած հատվածը դեռևս պետք է մշակվի։ Երկաթուղու կառուցումն ավելի երկար ժամանակ կպահանջի: 2026 թվականի վերջին կամ 2027 թվականի սկզբին նախատեսվում է իրագործելիության ուսումնասիրություն, որից հետո ընկերությունները կկարողանան մասնակցել մրցույթներին: Պաշտոնյայի խոսքով՝ երկաթուղու կառուցումն ավարտելու համար, հավանաբար, կպահանջվի առնվազն 18 ամիս, ինչը դժվարանում է բարդ տեղագրության պատճառով։
Էլեկտրաէներգիայի միացումները կարող են ավելի շուտ լինել։ Քննարկումներն արդեն ընթացքի մեջ են, պաշտոնյաները սպասում են, որ էլեկտրաէներգիայի շահագործումը կսկսվի 2027 թվականին, որը հնարավոր է՝ կապի Հայաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերը Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և Եվրոպայի ավելի լայն տարածաշրջանային ցանցերի հետ: Նախատեսվում է նաև ուղևորատար երկաթուղի:
Պետդեպարտամենտի պաշտոնյան նաև խոսել է TRIPP Development Company-ի (TDC) մասին, սակայն ապագա ղեկավարության անուններ չի նշել։ TDC-ն ստեղծվում է որպես ԱՄՆ կառավարության և Հայաստանի միջև համատեղ ձեռնարկություն։ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան այն նկարագրել է որպես իր տեսակի մեջ առաջին պայմանավորվածություն, որի շրջանակում ԱՄՆ-ն կունենա մեծամասնության բաժնեմաս՝ իր սեփական խորհրդով, քվեարկության ընթացակարգերով և կառավարմամբ։ Մինչև ընկերության պաշտոնական հայտարարումը դեռ պետք է ավարտվեն մի շարք իրավական հարցեր։ Երկաթուղու, ճանապարհների, էլեկտրաէներգիայի, նավթի, գազի և տվյալների հետ կապված նախագծերը կանցնեն շինարարության կամ կոնցեսիաների համար կանոնավոր մրցութային գործընթացներով։
ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC) մասնակցել է իրավական և ինստիտուցիոնալ կարգավորմանը, սակայն TDC-ն ինքը կգործի որպես առանձին հայ-ամերիկյան կորպորատիվ կազմակերպություն։ Միացյալ Նահանգները պատրաստ է ներդրումներ կատարել, երբ իրագործելիության ուսումնասիրությունները հաստատեն, որ առանձին նախագծերն առևտրային առումով կենսունակ են։
Պաշտոնյաները TRIPP-ը նկարագրել են որպես գոյություն ունեցող Արևելք-Արևմուտք երթուղիների այլընտրանք։
«Տարածաշրջանի բոլոր մրցակիցների հետ բազմաթիվ զրույցներ են եղել», – ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ Վաշինգտոնը գիտակցում է «դժվար զրույցների» ներուժը այն միջավայրում, որը պաշտոնյաներն անվանում են դժվարին տարածաշրջան։ Մինչդեռ Վաշինգտոնն ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են «խաղաղության անդառնալի ճանապարհին», նրանց վերջնական խաղաղության համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել։