Հայաստանն ու ԱԶԲ-ն քննարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան քննարկել են համագործակցության առաջիկա ուղղություններն ու ենթակառուցվածքային նախագծերը։

Ինչպես հայտնում են կառավարությունից, հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձ են կատարել ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և համագործակցության առաջիկա ուղղություններին։

Այս համատեքստում փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել ԱԶԲ հետ ձևավորված համագործակցության շրջանակը՝ ընդգծելով դրա համապատասխանությունը Կառավարության ծրագրով սահմանված գերակայություններին և թիրախներին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ջրային ռեսուրսների կառավարման և ենթակառուցվածքների, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաև քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրերի ուղղություններով իրականացվող և նախատեսվող աշխատանքների վերաբերյալ։

Առաջիկա համագործակցության տեսանկյունից հատկապես կարևորվել է պետություն մասնավոր գործընկերության ծրագրային արդյունավետ ձևաչափերի ուսումնասիրման անհրաժեշտությունը և դրանց կիրառման հնարավորությունները։

Ասիական զարգացման բանկի մասին

2005 թվականից սկսած, 2025 թվականի հոկտեմբերի դրությանամբ, ԱԶԲ-ն Հայաստանին ցուցաբերել է ընդհանուր առմամբ ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն՝ հանդիսանալով հանրապետության զարգացման ծրագրերի խոշորագույն բազմակողմանի գործընկերներից մեկը։

Դրանց թվում են տրանսպորտի, էներգետիկայի, ջրամատակարարման և քաղաքային ենթակառուցվածքների ոլորտների նախագծերը, իսկ մասնավոր հատվածում ԱԶԲ-ն աջակցում է կոմունալ ձեռնարկություններին և ենթակառուցվածքներին, ֆինանսական հաստատություններին և ագրոբիզնեսին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *