Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանին ներում շնորհելու որոշումը։
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը որոշումը որակել է որպես «մարդասիրական ժեստ»՝ ընդգծելով դրա խորհրդանշական նշանակությունը երկկողմ հարաբերությունների համար։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ընդունված որոշումը Ադրբեջանի իշխանությունների հետ «համբերատար և հետևողական երկխոսության» արդյունքն է և կարևոր քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհին։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև հատուկ ընդգծել է ինչպես Փարիզում, այնպես էլ Բաքվում գործող դիվանագիտական թիմերի համակարգված աշխատանքը, որի շնորհիվ հնարավոր է դարձել հասնել այս արդյունքին։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Ֆրանսիան, Ադրբեջանի ճնշման ներքո, կոչ է անում ԵՄ-ին վերացնել ռուս-ուզբեկ միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
Ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը Reuters-ին հայտնել էր, թե Բաքուն ճնշում չի գործադրել Փարիզի վրա՝ Ալիշեր Ուսմանովին ԵՄ պատժամիջոցների ցուցակից հանելու համար։
«Ադրբեջանը երբեք չի միջամտել և չի մասնակցել ԱՄՆ-ում կամ Եվրոպական միությունում պատժամիջոցների գործընթացներին»,- հայտարարել էր դիվանագետը՝ նման տեղեկություններն անվանելով «անհիմն»։
Միևնույն ժամանակ նա հաստատել էր, որ Բաքուն բացահայտորեն հանդես է եկել Ուսմանովին արևմտյան պատժամիջոցների ցուցակներից հանելու օգտին։
Երեկ հայտնի դարձավ, որ ԵՄ ներկայացուցիչները պայմանավորվել են պատժամիջոցների ցանկից հանել ռուսաստանցի միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովին և Միխայիլ Ֆրիդմանին՝ պատժամիջոցները երեք տարով երկարաձգելու դիմաց։