ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցություններում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Մոսկվայի դիրքորոշումը հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու վերաբերյալ։ Կայացած հանդիպման արդյունքները ներկայացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Հաստատվել է ռուսական կողմի անվերապահ հանձնառությունը հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու հարցում, այդ թվում՝ հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման ճանապարհով՝ դրա սկզբնապատճառների վերացման համար», – ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Բանակցությունների կենտրոնական թեմաներից մեկը ուկրաինական հարցի կարգավորումն էր։ Լավրովը Ռուբիոյի ուշադրությունը հրավիրել է Կիևի և նրա եվրոպական գործընկերների սերտ համակարգման վրա, ինչպես նաև նշել խաղաղ բնակչության և անդրսահմանային ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ հարվածները, որոնք ռուսական կողմը թիրախային է համարում և կապում համաշխարհային էներգետիկ շուկաների ապակայունացման հետ։
Հանդիպման օրակարգը չի սահմանափակվել Ուկրաինայի հարցով։ Նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում, ինչպես նաև միջազգային իրավունքի ոլորտում որոշ բազմակողմ ինստիտուտների գործելակերպերին հակազդումը, որոնք Մոսկվան ոչ լեգիտիմ է համարում։
Առանձին ուշադրություն է դարձվել «Մեծ քսանյակի» միջոցառումներին, որոնք նախատեսված են մինչև տարեվերջ։ Լավրովն ու Ռուբիոն քննարկել են G20-ի առաջիկա միջոցառումների նախապատրաստման ընթացքը։
Բանակցությունների մեկ այլ ուղղություն են դարձել ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Ռուսաստանի ԱԳՆ-ում ընդգծել են Մոսկվայի և Վաշինգտոնի հաբերությւնները հնարավորինս արագ կարգավորելու անհրաժեշտությունը՝ երկու երկրների նախագահների ձեռք բերած պայմանավորվածություններին համապատասխան։
Ռուսական կողմը նաև հանդես է եկել երկու երկրների հարաբերություններում առկա «գրգռիչների» քննարկման և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի կարգավորման օգտին։ Մասնավորապես, Մոսկվան կրկին բարձրացրել է ԱՄՆ-ում ռուսական սեփականությունը վերադարձնելու հարցը, որը Ռուսաստանի ԱԳՆ-ում «բռնագրավված» են բնութագրում։
Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են պահպանել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումները բոլոր քննարկված ուղղություններով։ Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ։