Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն (ՊԱԿ) հայտարարել է Ռուսաստանի տարածքում դիվերսիայի նախապատրաստումը կանխելու մասին, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը։ «Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեն կանխել է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական օբյեկտներից մեկում դիվերսիա նախապատրաստող խմբի գործունեությունը»,- հայտնել են ՊԱԿ-ից։
Կոմիտեի տվյալներով՝ խմբի գործողությունները համակարգվել են Ուկրաինայի տարածքից, իսկ Բելառուսը նախատեսվում էր օգտագործել որպես տարանցիկ երթուղի՝ խմբի անդամներին սարքավորումներ, անօդաչու թռչող սարքեր և կապի միջոցներ փոխանցելու համար։ «Ստացված նյութերն օպերատիվ կերպով փոխանցվել են ռուսական կողմին։ Դիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլում։ Մի քանի անձ ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համատեղ Բելառուսի ՊԱԿ-ը միջոցառումներ է իրականացնում՝ պարզելու այլ անձանց ինքնությունը, որոնք կարող էին առնչություն ունենալ դիվերսիայի նախապատրաստման հետ։ «Օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են։ Քննության շահերից ելնելով՝ լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվում»,- հավելել են գերատեսչությունից։