ԵՄ խորհուրդը պաշտոնապես ընդունել է ՀՀ-ից ԵՄ արտահանման շուրջ 80%-ի համար ժամանակավոր առևտրային արտոնություններ սահմանող կանոնակարգը

Եվրոպական միության խորհուրդը պաշտոնապես հաստատել է հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ սահմանելու կանոնակարգը՝ Ռուսաստանի կողմից վերջերս կիրառված առևտրային սահմանափակումներից հետո Հայաստանի տնտեսությանն աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է ԵԽ պաշտոնական կայքը:

Արտոնյալ ռեժիմով կազատականացվի Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80 տոկոսը։ Այն նախատեսում է վերացնել ԵՄ ներմուծվող հայկական բազմաթիվ ապրանքների մաքսատուրքերը, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական արտադրանքի համար։

Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն Մաքենթին հայտարարել է, որ որոշումը Հայաստանի և նրա ժողովրդի նկատմամբ Եվրոպայի աջակցության հստակ ազդակ է։

«Մենք ուժեղացնում ենք աջակցությունը Հայաստանին և նրա ժողովրդին, որը, չնայած արտաքին ճնշմանը, հստակ բռնել է պրոեվրոպական ուղին: Այսօրվա որոշումը կօգնի Հայաստանի տնտեսությանը, որը տուժել է առևտրային սահմանափակումներից, և ցույց կտա, որ մեր գործընկերները միշտ կարող են ապավինել Եվրամիությանը»,- ասել է Մաքենթին:

Արտոնությունների կիրառումը պայմանավորված է լինելու Հայաստանի կողմից ապրանքների ծագման վերաբերյալ գործող կանոնների պահպանմամբ, ԵՄ-ի հետ վարչական համագործակցությամբ և եվրոպական արտադրանքի ներմուծման նկատմամբ նոր առևտրային սահմանափակումներ չսահմանելով։

Հայաստանը պետք է նաև պահպանի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնարար դրույթները, այդ թվում՝ ժողովրդավարական սկզբունքները, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները։

Նախատեսված են նաև ԵՄ շուկայի պաշտպանության միջոցներ, որոնք կարող են կիրառվել, եթե հայկական արտադրանքի ներմուծումը բացասաբար ազդի եվրոպական արտադրողների վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *