2.6 միլիոն դրամ՝ վարչապետին, 2.4 միլիոն՝ ԱԺ նախագահին. ովքե՞ր և որքա՞ն աշխատավարձ կստանան 2027 թվականից

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որը ներկայացվելու է Ազգային ժողով: BanksNews-ը տեղեկացավ, որ նախատեսվող բարեփոխումներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից և պետական բյուջեից կպահանջեն տարեկան շուրջ 30 միլիարդ դրամի լրացուցիչ միջոցներ:

Նոր համակարգը հիմնովին փոխում է պաշտոնյաների և պետական ծառայողների աշխատավարձերի, հավելավճարների ու պարգևատրումների հաշվարկման տրամաբանությունը:

Պետական և քաղաքացիական ծառայողների հիմնական աշխատավարձը հաշվարկվելու է բազային աշխատավարձի (83,200 դրամ) և յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանված նոր գործակցի արտադրյալով (բոլոր գումարները ներկայացված են մինչև հարկումը)։

Բարձրաստիճան պաշտոնյաներ. ով որքան կստանա

Պաշտոն Ներկայիս աշխատավարձ (դրամ) Նոր աշխատավարձ (2027թ. դրամ)
ՀՀ նախագահ 1,660,000 2,662,400
ՀՀ վարչապետ 1,580,000 2,662,400
ԱԺ նախագահ 1,490,000 2,496,000
Նախարարներ 998,400 1,996,800
ԱԺ հանձնաժողովի նախագահներ 998,400 1,996,800
Պատգամավորներ 832,000 1,497,600
  • ՀՀ նախագահ և վարչապետ. Երկուսի աշխատավարձերն էլ կհավասարեցվեն: Գործակիցները կդառնան 32, իսկ հիմնական աշխատավարձը՝ 2,662,400 դրամ (ներկայիս համապատասխանաբար 1.66 մլն և 1.58 մլն դրամի փոխարեն):
  • ԱԺ նախագահ. Գործակիցը կդառնա 30, աշխատավարձը՝ 2,496,000 դրամ (ներկայիս 1.49 մլն-ի փոխարեն):շ
  • Փոխվարչապետ. Գործակիցը՝ 26, աշխատավարձը՝ 2,163,200 դրամ:
  • Նախարարներ և ԱԺ հանձնաժողովների նախագահներ. Աշխատավարձը կկրկնապատկվի. գործակիցը՝ 24, աշխատավարձը՝ 1,996,800 դրամ (998,400 դրամի փոխարեն):
  • Պատգամավորներ. Աշխատավարձը կաճի 80%-ով. գործակիցը՝ 18, աշխատավարձը՝ 1,497,600 դրամ (832,000 դրամի փոխարեն): Պատգամավորական գործունեության համար ամսական 250,000 դրամ անփոփոխ փոխհատուցումը պահպանվում է:
  • Փոխնախարարներ և մարզպետներ. Գործակիցը՝ 17.5, աշխատավարձը՝ 1,456,000 դրամ:
  • Պատգամավորի օգնական. Գործակիցը՝ 5, աշխատավարձը՝ 416,000 դրամ:

Քաղաքացիական և պետական ծառայության համակարգում սահմանվում են միասնական գործակիցներ.

  • Գլխավոր քարտուղար. Գործակիցը՝ 14 (1,164,800 դրամ):
  • Վարչության պետ, գրասենյակի ղեկավար. Գործակիցը՝ 9 (748,800 դրամ):
  • Վարչության պետի տեղակալ, խորհրդական. Գործակիցը՝ 7 (582,400 դրամ):
  • Բաժնի պետ. Գործակիցը՝ 6.5 (540,800 դրամ):
  • Գլխավոր մասնագետ. Գործակիցը՝ 5 (416,000 դրամ):
  • Ավագ մասնագետ. Գործակիցը՝ 4 (332,800 դրամ):
  • Մասնագետ. Գործակիցը՝ 3 (249,600 դրամ):
  • Փորձնակ. Գործակիցը՝ 2.5 (208,000 դրամ):

Ճշգրտող գործակիցներ. Կառավարության սահմանած կարգով կարող են կիրառվել 0.9-ից 1.5 ճշգրտող բազմապատկիչներ՝ կախված պատասխանատվության աստիճանից և խնդիրների բարդությունից:

Պարգևատրման նոր կանոններ

Նախագծով էապես սահմանափակվում են պարգևատրման ֆոնդերը.

  • Պարգևատրման ֆոնդը ներկայիս 10%-ից կրճատվում է մինչև առավելագույնը 2%:
  • Պարգևատրման ֆոնդը կձևավորվի միայն համալրված հաստիքների հիման վրա. թափուր պաշտոնների գումարն այլևս ֆոնդին չի փոխանցվի:
  • Արգելվում է պարգևատրումներ տալ աշխատավարձի ֆոնդի խնայված/տնտեսված միջոցներից (օրինակ՝ թափուր հաստիքների հաշվին):
  • Նույն 2% սահմանափակումը և տնտեսված միջոցներից պարգևատրելու արգելքը տարածվում են նաև համայնքների վրա:

Սահմանափակումները չեն տարածվում զինծառայողների, ոստիկանության, փրկարար, քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների վրա:

Ներդրվում է վարձատրության նոր բաղադրիչ՝ լրավճար, որը տրվելու է աշխատակցի և տվյալ պետական մարմնի կատարողականի գնահատականի հիման վրա (լրացուցիչ վճարները չեն կարող գերազանցել աշխատավարձի 60%-ը):

  • Լրավճար ստացած պաշտոնյան կամ ծառայողը պարտավոր է դրա առնվազն 10%-ն ուղղել սեփական գիտակրթական ծախսերին (վերապատրաստումներ, լեզուների ուսուցում): Գումարը չծախսելու դեպքում այն պահվելու է հաջորդ լրավճարից:
  • Ի տարբերություն աշխատավարձի ֆոնդի, լրավճարի ֆոնդի տնտեսված միջոցները թույլատրվելու է ուղղել աշխատակիցների պարգևատրմանը:

Ըստ Կառավարության հիմնավորման՝ գործող համակարգը չի խրախուսում պաշտոնեական առաջխաղացումը, քանի որ պատասխանատվության աճին համահունչ աշխատավարձային աճ չէր ապահովվում: Նոր համակարգը նպատակ ունի հստակ տարբերակել ղեկավարման պատասխանատվությունն ու վարձատրության չափերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *