Առողջության համընդհանուր ապահովագրությունից օգտվել է ավելի քան 1,85 մլն շահառու, փոխհատուցումների ծավալը գերազանցել է 150 մլրդ դրամը. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում այս պահի դրությամբ առողջության ապահովագրության համակարգում ներառված է 1 մլն 815 հազար շահառու, փոխհատուցումները գերազանցել են 150 մլրդ դրամը, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը։

«Ապահովագրված անձանց շուրջ 50%-ը կամ մոտ 850 հազար քաղաքացի արդեն իսկ ստացել է այս կամ այն ծառայությունը ապահովագրության շրջանակում։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը կատարել է համապատասխան փոխհատուցում այն բժշկական կազմակերպություններին կամ դեղատներին, որտեղ տվյալ անձինք ստացել են համապատասխան ծառայություն ու դեղորայք», — նշեց Խարազյանը հինգշաբթի կայացած կառավարության նիստում։

Նրա խոսքով՝ բժշկական կազմակերպություններին և դեղատներին տրամադրված փոխհատուցումներն այս պահին կազմում է ավելի քան 150 մլրդ դրամ, ընդ որում՝ բոլոր փոխհատուցումները տրամադրված են։

Փոխնախարարը հայտնել է նաև, որ 2027 թվականից ակնկալվում է համակարգում մոտ 354 հազար նոր շահառուների ընդգրկում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հայտարարեց, որ մինչև տարեվերջ կանխատեսվում է մարման ենթակա շուրջ 200 մլրդ դրամի հաշիվ։

ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի մասին

2026 թվականին՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլում (2026-2028), ապահովագրված է 1.7 միլիոն ՀՀ բնակիչ։ Նրանց թվում են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական նպաստներ ստացողները։ Այս անձանց համար պետությունը ծածկում է ծախսերի 100%-ը։ Այս համակարգը ներառում է նաև 190,000 աշխատող քաղաքացու, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կազմում է տարեկան 129,600 դրամ, որը վճարվում է ամսական։

Ապահովագրությունը ծածկում է ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր բուժօգնությունը, կլինիկա այցելությունները, ընտանեկան բժշկի այցելությունները, մասնագետների խորհրդատվությունները և տարեկան որոշակի քանակությամբ լաբորատոր հետազոտություններ։ Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով որոշակի վիրաբուժական միջամտություններ, այդ թվում՝ ակնաբուժական (կատարկտ), սրտանոթային և այլն։

2026 թվականի բյուջեով առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար հատկացված է 127 միլիարդ դրամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *