Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի կրթահամալիր։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կրթահամալիրի կառուցումը կիրականացվի Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ։
«Ինչպես Կրթության զարգացման պետական ծրագրով, այնպես էլ Կառավարության նոր ծրագրով առանձնահատուկ շեշտադրված է կրթության ոլորտում մասնավորի հետ աշխատանքների խրախուսումը և տարբեր ձևաչափերով մասնավորի ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը»,- ասել է նախարարն ու ընդգծել՝ ընդունված որոշումն այս քաղաքականության շրջանակում է։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 300 դպրոցի կառուցման և վերակառուցման ծրագրով Վարդենիսում արդեն իսկ արձանագրվել էր Վարդենիսի ավագ և թիվ 3 հիմնական դպրոցների համար նոր շենքերի կառուցման անհրաժեշտությունը։ Նշված երկու հաստատություններից օգտվում է շուրջ 700 երեխա։
Միաժամանակ, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը նշված դպրոցների հարակից տարածքում ձեռք է բերել հողատարածք՝ 300 տեղ հզորությամբ դպրոցի, 150 տեղ հզորությամբ նախադպրոցական հաստատության և 60 տեղ հզորությամբ երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի կառուցման նպատակով։
Քննարկումների արդյունքում որոշվել է միավորել կողմերի ջանքերը՝ ընկերակցության և պետության համագործակցությամբ կառուցել կրթահամալիր, որը հնարավորություն կտա ամբողջությամբ ծածկել համայնքի կրթական կարիքները։ Կրթահամալիրը կկառուցվի 2026-2029 թվականներին․ այն իր կազմում կունենա դպրոց, նախադպրոցական ծառայություն և համայնքային կենտրոն։
«Կառավարությունը ծրագրին կմասնակցի 400 սովորողի համար անհրաժեշտ կրթական պայմանների ստեղծման մասով՝ համապատասխան ֆինանսական միջոցներ տրամադրելով կրթահամալիրի կառուցման, իսկ հետագայում նաև պահպանման աշխատանքների համար։ Կառուցման նպատակով պետական ֆինանսավորումը չի գերազանցի պետական բյուջեի միջոցներով համանման դպրոցների կառուցման համար նախատեսված միջինացված արժեքը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ կրթահամալիրի շահագործումից հետո պետական ֆինանսավորումը կիրականացվի ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի։
Ծրագրի հաստատումից հետո Կառավարության քննարկմանը կներկայացվի նաև նվիրաբերության պայմանագրի նախագիծը:
«2029 թվականի սեպտեմբերին Վարդենիսում թե՛ դպրոցականները, թե՛ նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն կունենան հաճախելու ամբողջությամբ հագեցած, ժամանակակից պայմաններով կրթահամալիր, որտեղ կիրականացվի բարձրորակ կրթություն»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:
Նշվել է, որ կրթահամալիրը գործելու է հանրակրթական դպրոցների համար սահմանված սկզբունքներով՝ ապահովելով հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան կրթական բովանդակություն․ ուսուցումը սովորողների համար լինելու է անվճար: