«Ուժեղ Հայաստան»–ի պատգամավորներն իրենց փոխանցված պարգևավճարներով Տիգրանաշենում մի քանի ծրագրեր կիրականացնեն․ Տիգրան Աբրահամյան

Դիտել YouTube-ում

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները Անկախության օրվա կապակցությամբ իրենց փոխանցված պարգևավճարներով որոշում են կայացրել Տիգրանաշեն գյուղում մի քանի ծրագրեր իրականացնել: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Առաջինը՝ Տիգրանաշենում կգործարկվի գյուղմթերքի շուկա: Տիգրանաշենի բնակիչներն իրենց աճեցված բերքը հնարավորություն կստանան իրացնել Տիգրանաշենի գյուղմթերքի շուկայում և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տիգրանաշենը գտնվում է Հյուսիս–հարավ ավտոճանապարհի բանուկ հատվածներից մեկում, ապա մենք վստահ ենք, որ այդ ծրագիրը մեծ հաջողություն կունենա:

Երկրորդը՝ երբ մենք այցելեցինք Տիգրանաշեն, տեսանք, որ Տիգրանաշենում մանկական խաղահրապարակը, ի թիվս այլ ենթակառուցվածքների, թարմացման կարիք ունի, և մենք որոշում կայացրինք Տիգրանաշենի երեխաներին նվիրել նոր և ժամանակակից խաղահրապարակ:

Եվ երրորդը՝ Տիգրանաշենի բնակիչների հետ շփվելիս մենք բացահայտեցինք, որ տիգրանաշենցիներն առավոտյան երեխաներին դպրոց տանելու և դպրոցից հետ բերելու հետ կապված մեծ դժվարություն ունեն՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Տիգրանաշենի դպրոցը արդեն որոշ ժամանակ չի գործում: Մենք որոշում ենք կայացրել Տիգրանաշենի համար ձեռք բերել տրանսպորտային միջոց, որով տիգրանաշենցիները առավոտյան ժամերին կկարողանան իրենց երեխաներին հասցնել դպրոց, իսկ ցերեկը դպրոցից՝ տուն: Բացի դրանից, տիգրանաշենցիները հնարավորություն կստանան այդ տրանսպորտային միջոցով Տիգրանաշենից հասնել մարզկենտրոն և ինչու չէ նաև մայրաքաղաք Երևան:

Տիգրանաշենցիները պետք է ապրեն և արարեն իրենց հայրենի հողում, զարգացում, այլ ոչ թե հանձնում»,– նշել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *