Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամանել է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու համար։ Նեթանյահուի հայտնվելուց հետո մի քանի պատվիրակություններ ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճը։
Իսրայելի վարչապետն իր ելույթը սկսել է՝ հիշեցնելով, որ 14 տարի առաջ այս ամբիոնից խոստացել էր կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ «Եվ հիմա մենք դա արել ենք»,– հայտարարել է նա՝ հավելելով, որ ոչնչացնելով Իրանի միջուկային ծրագիրը՝ Իսրայելը պաշտպանել է նաև այլ պետությունների, այդ թվում՝ նրանց, որոնց ներկայացուցիչներն այդ պահին լքել էին նիստերի դահլիճը։ Նա բացահայտել է, որ տեսախցիկներից հեռու այդ երկրների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Իսրայելին Իրանի միջուկային զենքը ոչնչացնելու համար։
Այնուհետև Նեթանյահուն ծաղրել է Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, որոնք Իսրայելին մեղադրում են «գաղութատիրության» մեջ:
Նա նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «բռնակալ» և զգուշացրել, որ նրան չի հաջողվի իրականացնել Երուսաղեմը գրավելու իր հավակնությունները։ «Էրդողանը բռնակալ է։ Նա սպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը թաքցնում է իր երկրի տարածքում, հետապնդում է ընդդիմությանը»,– հայտարարել է Նեթանյահուն։
Այնուհետև նա անցել է Գազայում Իսրայելի դեմ ցեղասպանության մեղադրանքների հերքմանը։ Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ը քաղաքացիական բնակչությանը օգտագործում է որպես կենդանի վահան։ Դրանից հետո նա պատմել է, որ Իսրայելը մարդասիրական օգնություն է ցուցաբերել Գազայի բնակիչներին՝ թվարկելով, թե ինչպիսի օգնություն է տրամադրվել՝ սնունդ, բժշկական պարագաներ և դեղորայք։ «Սա՞ եք դուք ցեղասպանություն անվանում»,– վրդովված հայտարարել է Նեթանյահուն։
Այնուհետև Իսրայելի վարչապետը քննադատել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիին՝ մեղադրելով նրան հակասեմականությանը և հրեաների դեմ ահաբեկչությանը աջակցելու մեջ։ Նա նաև հիշատակել է Մամդանիի կնոջը, որը, նրա խոսքով, աջակցել է հոկտեմբերի 7-ի կոտորածին։
«Իսրայելը ցեղասպանություն չի իրականացրել, Իսրայելը կանխել է ցեղասպանությունը»,– հայտարարել է Նեթանյահուն՝ պարզաբանելով, որ Իսրայելի անվտանգության ուժերին հաջողվել է կանխել Իրանի և նրա ահաբեկչական խմբավորումների կողմից հրեական պետության ոչնչացումը։
«Աշխարհի բոլոր հակասեմիտները փորձում են վախեցնել մեր ժողովրդին։ Բայց ես նրանց համար նորություն ունեմ․ այն օրերը, երբ հրեաներն անպաշտպան էին, անցյալում են։ Այժմ մենք ունենք պետություն և բանակ։ Ես դիմում եմ ամբողջ աշխարհի հրեաներին․ մի՛ վախեցեք, հպարտացե՛ք ձեր հրեականությամբ։ Մենք ի վիճակի ենք դիմակայելու բարբարոսներին, որոնք սպառնում են մեզ և ամբողջ արևմտյան քաղաքակրթությանը»,– ասել է վարչապետը։