Հայաստանն ու Հնդկաստանը շարունակում են ամրապնդել իրենց արագ զարգացող պաշտպանական հարաբերությունները։ Այժմ հնդիկ զինվորականները հայկական զորքերի համար հենց ՀՀ տարածքում անցկացնում են Akash զենիթահրթիռային համակարգի շահագործման մասնագիտացված ուսուցում․ գրում է Indian Defence Times-ը։
Ըստ կայքի՝ այս քայլը կարևոր փուլ է գործընկերության հարցում, որը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է և վկայում է երկու երկրների զինված ուժերի միջև աճող օպերատիվ փոխգործակցության մասին։
«Ռազմական տեխնիկայի վաճառքից և մատակարարումից բացի, վերապատրաստման (ուսուցման) բաղադրիչն ընդգծում է Հնդկաստանի հանձնառությունը՝ ապահովելու, որ հայկական ուժերն ի վիճակի լինեն արդյունավետորեն կիրառել և սպասարկել հակաօդային պաշտպանության այդ բարդ համակարգը»,-գրում է կայքը։
Հնդիկ ռազմական հրահանգիչներն օգնում են հայ օպերատորներին ծանոթանալ համակարգի հնարավորություններին, գործառնական ընթացակարգերին, սպասարկման պահանջներին և մարտավարական կիրառմանը:
Հնդկաստանի և Հայաստանի միջև աճող պաշտպանական հարաբերությունները տեղի են ունենում Հարավային Կովկասի տարածաշրջանում ավելի լայն աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին: Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր պաշտպանական գնումների աղբյուրները և նվազեցնել կախվածությունն ավանդական մատակարարներից՝ ստեղծելով հնարավորություններ Հնդկաստանի հետ ավելի խոր համագործակցության համար:
Akash համակարգը միջին հեռահարության շարժական զենիթահրթիռային համալիր է, որը նախատեսված է տարբեր օդային սպառնալիքներից, այդ թվում՝ ինքնաթիռներից, ուղղաթիռներից, անօդաչու թռչող սարքերից և թևավոր հրթիռներից պաշտպանվելու համար։