Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի մեկնարկին տասնյակ պատվիրակներ, ի նշան բողոքի, լքել են դահլիճը։ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է իր ռազմական գործողությունները Իրանում, Գազայում և տարածաշրջանի այլ հատվածներում։ «Մենք հաղթելու ենք։ Մենք այլ ընտրություն չունենք»,-ասել է նա։

Արձագանքելով դահլիճից դուրս գալու քայլին՝ նա ասել է. «Եթե կան բարոյական առումով այլ վախկոտներ, ովքեր դեռ չեն լքել դահլիճը, խնդրում եմ՝ արեք դա հիմա»։

Իսրայելի ղեկավարը հերքել է այն մեղադրանքները, թե Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացնում և քննադատել Իսրայելի գործողությունները դատապարտող երկրներին։

Նեթանյահուն կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան անվանելով «բռնապետ» և մեղադրելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին հյուրընկալելու մեջ։

Նա Էրդողանին մեղադրել է նաև քրդերի դեմ գործողությունների, Հայոց ցեղասպանության ժխտման, լրագրողների և ընդդիմադիր գործիչների բանտարկության մեջ։

Նեթանյահուն պնդել է, որ Թուրքիան «ապօրինի օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը» և պարբերաբար հակասությունների մեջ է մտնում Հունաստանի հետ։ Նա նաև ասել է, որ Էրդողանը ցանկանում է վերահսկողություն հաստատել Սիրիայի նկատմամբ։

Անդրադառնալով Էրդողանի՝ Իսրայելի և Երուսաղեմի վերաբերյալ հայտարարություններին՝ Նեթանյահուն ասել է․ 
«Ո՛չ, պարոն։ Դուք չեք դառնալու (Երուսաղեմի տիրակալը)։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը»։

BBC-ի փոխանցմամբ, «Անադոլու» լրատվական գործակալությունը գրել է, որ Իսրայելի վարչապետի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնն օգտագործելը՝ Թուրքիայի և Էրդողանի հասցեին «անհիմն մեղադրանքներ» հնչեցնելու նպատակով, անհամատեղելի էր ՄԱԿ-ի «խաղաղության, օրենքի և երկխոսության գաղափարների» հետ։

Իսրայելի ղեկավարը քննադատության է ենթարկել նաև Նյու Յորքի ձախակողմյան քաղաքապետ Զոհրան Մամդանիին, ով նախկինում խոստացել էր ձերբակալել Նեթանյահուին, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ նման լիազորություն չունի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *