Մեծագույն մտահոգություն է Եկեղեցու դեմ տարվող արշավը, սա սրբությունների պղծում է մեզ համար․ ՀՅԴ գործիչ

Մեր այսօրվա խորհրդաժողովի առանցքում Հայաստանն ու Արցախն են, Հայաստանի պետականության ամրապնդումը, Հայաստանի իրազեկման աշխատանքը, օժանդակության աշխատանքը դրսից, պետականության հիմքերը զորացնելու գործը և նաև Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հակահայ արշավին դիմակայելը․ Երևանում անցկացվող Հայ դատի համահայկական խորհրդաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ գործիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«Մեր առանցքում այդ հակահայ արշավին դիմակայելու խնդիրն է՝ Թուրքիայի կողմից պարտադրված զիջողություններն ու  Ադրբեջանի պահանջների խնդիրը, Սահմանադրության փոփոխություն, Անկախության հռչակագրի վերացում, Ադրբեջանի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» խնդիր, և նաև մեր կողմից դրված այն հարցերը, որ Արցախի մեջ ցեղասպանություն է կազմակերպվել, էթնիկ զտման քաղաքականություն իրագործվել։ Այս խնդիրների կծիկը հիմնական աշխատանքների մաս կկազմի։ Եվ նաև մենք միակ կազմակերպությունն ենք, դժբախտաբար, որ շատ աշխույժ կերպով հետապնդում ենք գերիների ազատ արձակման հարցը, ունենք փաստաբանական գրասենյակ, հայ իրավաբանների կենտրոն Վաշինգտոնում, և նրանք միասնաբար Սիրանուշ Սահակյանի հետ տանում են մեծ աշխատանք այդ ուղղությամբ»,-ասաց Տեր-Խաչատուրյանը։

Նա նշեց, որ մեծագույն մտահոգություն է Եկեղեցու դեմ տարվող արշավը․ «Սա սրբությունների պղծում է մեզ համար։ Մենք լուրջ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ՝ թե՛ Վեհափառի, թե՛ Արամ Ա-ի հետ խորհրդակցելով, միջազգային կազմակերպությունների, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Վատիկանի և այլ միջոցներով զորակցական կոչեր ապահովելու, ինչպես նաև հստակորեն բացահայտելու քաղաքական շրջանակներում, որ այս արշավը որևէ հիմք չունի, քաղաքական վրեժխնդրության հարց է։ Դժբախտաբար, ինչպես բոլորս էլ գիտենք, Հայաստանի մեջ ժողովրդավարությունը նահանջ է ապրում, և հատուկ պայքար է տարվում ազգային արժեքների, գաղափարախոսության և ինքնությունը պաշտպանող կազմակերպությունների դեմ։ Ես հուսով եմ, որ գործը չի հասնի Վեհափառի ձերբակալությանը, բայց, գիտեք, ամեն «կարմիր գիծ» հատել է այս իշխանությունը, և քանի որ իր «օրիենտացիայի» փոփոխության պատճառով ստացել է Արևմուտքի աջակցությունը, սանձարձակ գործում է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *