Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար


Սպորտ


Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի Լատվիայի ընտրանուն։


Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել մրցակցի դարպասապահ Ֆրենկս Դավիդս Օրոլսը։


– Ֆրենկս, ի՞նչ զգացողություններ ունեք վաղվա խաղից առաջ։


– Լավ, դրական զգացողություններ են։ Սա նոր շրջափուլ է՝ նոր հնարավորություններով, ուստի ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար։

– Ի՞նչ կարծիքի եք միջազգային այս անսովոր երկար պատուհանի մասին, երբ 11 օրում 4 հանդիպում եք անցկացնելու։


– Կարծում եմ՝ դա լավ է։ Տղաներին դուր է գալիս այստեղ լինելը, և մենք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում միասին։ Չորս խաղի առկայությունը բոլորին ավելի մեծ հնարավորություն է տալիս դրսևորել իրենց և խաղադաշտ դուրս գալու ավելի մեծ շանսեր ունենալ։


– Լատվիան պարտվել է Հայաստանում կայացած վերջին երկու խաղերում։ Դուք չեք մասնակցել այդ հանդիպումներին, բայց ո՞րն է լինելու Երևանում վերջապես հաղթանակի հասնելու հիմնական բանալին։

– Գլխավորը լինելու են մենապայքարները։ Եթե մենք հաղթենք դրանցում, ապա կարող ենք հուսալ և մտածել դրական արդյունքի հասնելու մասին։


– Հավաքականի ամենաերիտասարդ նորեկներից երկուսը Մարկուս Ստրոդսն ու Ալբերտ Ալեքսանյանն են։ Ինչպե՞ս են նրանք հարմարվել թիմին։


– Կարծում եմ՝ շատ լավ են հարմարվել։ Ակնհայտ է, որ նրանք ներուժ ունեցող երիտասարդ խաղացողներ են, և, իմ կարծիքով, թիմը նրանց շատ ջերմ է ընդունել։

Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրի Հայաստան – Լատվիա հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին։

armsport.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *