88 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասանուհի, Վլադիմիր Վիսոցկու այրին՝ Մարինա Վլադին: Դերասանուհու մահվան մասին AFP գործակալությանը հայտնել են նրա հարազատները:
Մարինա Վլադին (Եկատերինա-Մարինա Պոլյակովա-Բայդարովա) ծնվել է Փարիզի մերձակայքում՝ Ռուսաստանից գաղթածների ընտանիքում:
Առաջին անգամ նա նկարահանվել է կինոյում դեռևս 11 տարեկան հասակում:
Որպես դերասանուհի նա աշխատել է, մասնավորապես, հայտնի ռեժիսորներ Ժան-Լյուկ Գոդարի, Օրսոն Ուելսի, Բերտրան Տավերնիեի հետ, նկարահանվել է դերասան Մարչելո Մաստրոյանիի հետ համատեղ:
Նա դերեր է խաղացել «Վհուկը», «Կլևի արքայադուստրը», «Ծանրակշիռ ապացույցներ», «Կեսգիշերային զանգեր» և այլ ֆիլմերում:
1963 թվականին Վլադին ստացել է Կաննի կինոփառատոնի մրցանակ՝ ռեժիսոր Մարկո Ֆերերիի «Մայր մեղուն» (հայտնի է նաև որպես «Ամուսնական մահիճ») ֆիլմում խաղացած դերի համար:
1965 թվականին Վլադին եղել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ:
1970 թվականին նա ամուսնացել է խորհրդային հայտնի դերասան, բանաստեղծ և երգիչ Վլադիմիր Վիսոցկու հետ․ նա դարձավ դերասանուհու երրորդ ամուսինը:
Վլադին Վիսոցկու կինն էր մինչև վերջինիս մահը՝ 1980 թվականը: Ավելի ուշ նա գրեց «Վլադիմիր, կամ Ընդհատված թռիչք» գիրքը:
Մինչև Վիսոցկին Վլադին ամուսնացած է եղել ռեժիսոր Ռոբեր Օսեյնի և ճանապարհորդ Ժան-Կլոդ Բրույեի հետ: Առաջինից նա ունեցել է երկու որդի, երկրորդից՝ ևս մեկ: Վիսոցկուց նա երեխաներ չի ունեցել: Նրանից հետո նա ամուսնացել է ևս մեկ անգամ:
«Նա վախճանվել է իր տանը՝ հարազատների և իր կենդանիների շրջապատում […] նա ապրել է երկար, հրաշալի և հագեցած կյանք»,- գործակալությունը մեջբերում է Վլադիի երեխաների հայտարարությունը: