Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաձևավորումը՝ արտաքին առևտրի թվերի լույսի ներքո. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

 Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում անհրաժեշտ է ցուցաբերել դիվանագիտական  խոհեմություն՝ հաշվի առնելով երկու երկրների միջև առկա տնտեսական, ժողովրդագրական և աշխարհաքաղաքական հսկայական տարբերությունները, ինչպես նաև Հայաստանի տնտեսության զգալի կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից։

Մյուս կողմից, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում առկա է նաև Թուրքիայի թաքնված դերակատարումը։ Թեև Թուրքիան դեռևս Եվրամիության անդամ չէ, այն անկասկած լրջագույն ուժ է և իր ազդեցությունն ունի տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական գործընթացների վրա։ 

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա  տրամադրությունների մասին խոսում են նաև թվերը` ՀՀ արտաքին առևտրի վիճակագրությունը։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ արտահանման ծավալներում ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը կազմել է 38%, ԱՊՀ երկրների հետ՝ 39%, ԵՄ երկրների հետ՝ 11․7%, իսկ աշխարհի մյուս պետությունների հետ՝ 49․1%։

Ընդ որում՝ միայն Ռուսաստանի մասնաբաժինը ՀՀ արտահանման ծավալներում 2026թ․ հունվարին կազմել է 34․6%։

Այս տվյալները ցույց են տալիս, որ փաստացի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը հիմնականում իրականացվում է Ռուսաստանի հետ։ 

Բացի այդ, համեմատելով վերոնշյալ մասնաբաժինները 2026թ․ հունվարը 2025թ․ հունվարի հետ՝ արձանագրում ենք, որ Ռուսաստանի մասնաբաժինը կրճատվել է 6․4 տոկոսային կետով, ԵՄ մասնաբաժինն աճել է 4․9 տոկոսային կետով, իսկ այլ երկրների մասնաբաժինը կրճատվել է 0․6 տոկոսային կետով։

ՀՀ ներմուծման ծավալներում ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը 2026թ․ հունվարին կազմել է 21․9%, ԱՊՀ երկրներինը՝ 23․3%, ԵՄ երկրներինը՝ 15․4%, իսկ աշխարհի մյուս պետություններինը՝ 61․3%։

Այս ֆոնին միայն ՌԴ մասնաբաժինը ՀՀ ներմուծման ծավալներում կազմել է 20․7%։

Ընդ որում՝ ՌԴ մասնաբաժինը ՀՀ ներմուծման ծավալներում 2026թ․ հունվարին 2025թ․ հունվարի համեմատ կրճատվել է 12․9 տոկոսային կետով։

ԵՄ երկրների մասնաբաժինն աճել է 2․5 տոկոսային կետով, իսկ այլ պետությունների մասնաբաժինը՝ 9․2 տոկոսային կետով։ Այսինքն՝ Հայաստանը կարողացել է զգալի չափով դիվերսիֆիկացնել ներմուծման աղբյուրները։

  • Ինչևէ, տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի արտաքին առևտրային կառուցվածքում Ռուսաստանի դերը դեռևս շատ մեծ է, սակայն միաժամանակ նկատվում է որոշակի դիվերսիֆիկացիա՝ հատկապես ներմուծման ուղղությամբ։ Եթե այս միտումը շարունակվի, ապա Հայաստանի տնտեսությունը կարող է աստիճանաբար նվազեցնել մեկ շուկայից կախվածությունը, ինչը կուժեղացնի արտաքին տնտեսական կայունությունը և կբացի նոր հնարավորություններ։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *