2023 թվականի այս օրերին Արցախի տարբեր հիվանդանոցների մի խումբ նվիրյալ բուժաշխատողներ, կամավորներ պայքարում էին ադրբեջանական ագրեսիայի ու «Հայկազովի» վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տարբեր ծանրության վիրավորումներ ստացած անձանց կյանքի համար. Facebook-ի իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իրադրությունը հատկապես ծանր էր այն տեսանկյունից, որ Արցախում մեծ խուճապ էր, տարբեր բնակավայրերում և մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիներն արդեն ազատ շրջում էին, մարդկանց մի մասն իրերն էր հավաքում, տրանսպորտի և բենզինի հարց լուծում, իսկ հազարավոր մարդիկ արդեն Լաչինի միջանցքով ՀՀ-ի ճանապարհին էին։
Բուժաշխատողների մի մասը, տարբեր իրավիճակների բերումով, արդեն դուրս էր եկել Ստեփանակերտից, և Արցախում գտնվող հարյուրավոր վիրավորների՝ բեկորայինից մինչև այրվածքային, առաջին օգնությամբ, բուժումով և հետագայում՝ ճանապարհելով զբաղվում էին սահմանափակ թվով բուժաշխատողներ և կամավորներ։
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին»,- նշում է նա։