Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին առողջական խնդիրներ չունի։ CBS News-ի «Face the Nation» հաղորդմանը տված հարցազրույցում Փեզեշքիանը նշել է, որ Խամենեիի հետ երկու անգամ հանդիպել է, իսկ վերջին հանդիպումը տևել է ավելի քան յոթ ժամ։
«Մենք սովոր չէինք այդքան ժամ նստած մնալուն, փոխում էինք դիրքերը։ Բայց նա բավականաչափ առողջ էր այդքան ժամ դիմանալու համար։ Բժշկական տեսանկյունից նա լիովին առողջ է։ Սա լսեք ինձնից՝ որպես բժշկից․ նա որևէ խնդիր չունի»,- ասել է մասնագիտությամբ բժիշկ Փեզեշքիանը։
Հարցին՝ արդյոք Խամենեին ապաքինվել է դեմքի և ոտքերի վնասվածքներից և կարողանում է նստել գետնին, Իրանի նախագահը դրական պատասխան է տվել։
Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակի և գտնվելու վայրի շուրջ հարցերը շարունակվում են նրա՝ Իրանի հոգևոր առաջնորդ ընտրվելուց ի վեր։ Նա այդ պաշտոնը ստանձնել է հոր՝ Ալի Խամենեիի՝ փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվելուց հետո։ Ընտրվելուց ի վեր Մոջթաբա Խամենեին հանրության առաջ չի հայտնվել։