Սեպտեմբերի 25-ի առավոտյան Վրաստանում ձերբակալված Բելառուսի քաղաքացի Լև Միխեևին տեղափոխել են Հայաստանի սահման։ Ինչպես Միխեևը պատմել է «Позірк»-ին, այժմ նա գտնվում է հայկական կողմում և այստեղ ևս ձերբակալվել է՝ Բելառուսի իշխանությունների պահանջով միջպետական հետախուզման մեջ գտնվելու հիմքով։
Միխեևը 2021 թվականից սպասում էր Վրաստանում ապաստան ստանալու իր դիմումի վերաբերյալ որոշմանը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 25-ին նա Թբիլիսիից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող Մարտկոպի գյուղի միգրացիոն ծառայություն էր գնացել՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթը փոխելու համար։ Դիմումն ընդունել են և հայտնել, որ նոր փաստաթղթի հետևից կարող է գալ երկու շաբաթ անց։
Սակայն հաջորդ այցի ժամանակ ծառայության աշխատակիցները նրան ասել են, որ անհրաժեշտ է Թբիլիսի մեկնել՝ հարցազրույցի մասնակցելու համար։ Միխեևին նստեցրել են մեքենա և վերցրել հեռախոսը։ Նրա խոսքով՝ Թբիլիսիում նրան մոտ երկու ժամ պահել են աշխատասենյակում՝ մինչև թարգմանիչ գտնելը։
Միխեևի պատմելով՝ իր գործով զբաղվող աշխատակիցը հայտարարել է, որ ինքը Վրաստանում ապօրինի է գտնվում, իսկ գործող փաստաթուղթը իրավական ուժ չունի։ Նրան առաջարկել են երկու տարբերակ՝ հարկադրաբար, ձեռնաշղթաներով հեռանալ Վրաստանից կամ ինքնակամ ընտրել այն երկիրը, ուր ցանկանում է տեղափոխվել։
Բելառուս վերադառնալու տարբերակը Միխեևը մերժել է՝ նշելով, որ հենց իր երկրում հետապնդվելու պատճառով է դիմել Վրաստանում ապաստան ստանալու համար։ Նա խնդրել է իրեն ժամանակ տալ առնվազն մինչև հոկտեմբերի 9-ը՝ իր փաստաթղթի ժամկետի ավարտը, սակայն, ըստ նրա, այդ խնդրանքը մերժվել է։
Դրանից հետո, Միխեևի խոսքով, նրան նախ տարել են տուն՝ անձնական իրերը վերցնելու, այնուհետև վերադարձրել միգրացիոն ծառայություն, որտեղից կալանավորների տեղափոխման համար նախատեսված մեքենայով տեղափոխել են Հայաստանի սահման։
Միխեևը պնդում է, որ Հայաստանի ուղղությունը ինքն է ընտրել։ Նրա խոսքով՝ արտաքսման վերաբերյալ որևէ դատական գործընթաց չի եղել, իսկ վրացական իշխանությունները իրեն ստիպել են վրացերենով փաստաթղթեր ստորագրել, որոնց բովանդակությունը նա չի հասկացել։
Հայաստանի սահմանին Միխեևին ձերբակալել են։ Ըստ նրա՝ պատճառը Բելառուսի իշխանությունների հարցումն է․ նրա անունը ներառված է ԱՊՀ միջպետական հետախուզման ցուցակներում։