Բաքուն պնդում է՝ Թուրքիայի տարածքից Բաքվի դեմ տեղեկատվական արշավ է իրականացվում

Ադրբեջանում հայտարարել են, թե Թուրքիայի տարածքից Բաքվի դեմ տեղեկատվական արշավ է իրականացվում։

Միլի Մեջլիսի օտարերկրյա միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ժամանակավոր հանձնաժողովի տվյալներով՝ արշավը կազմակերպվել է «որոշակի կենտրոնների» կողմից և ուղղված է «ադրբեջանա-թուրքական հարաբերությունները խաթարելուն, հասարակությանը մոլորության մեջ գցելուն, պետության և նրա ինստիտուտների նկատմամբ անվստահություն ձևավորելուն, ինչպես նաև ադրբեջանական հասարակության բևեռացմանը»։

«Արշավն իրականացվում է համակարգված կերպով՝ թիրախավորված գովազդի, սոցիալական ցանցերում իրական և կեղծ օգտահաշիվների միջոցով։ Ցավով պետք է նշենք, որ Ադրբեջանում և Թուրքիայում որոշ մարդիկ նույնպես աջակցություն են ցուցաբերում այս նենգ արշավին։ Միևնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի օրենսդրության համաձայն՝ նման գործունեությունը ենթադրում է իրավական պատասխանատվություն, արշավը դեռևս շարունակվում է», – ասվում է հայտարարության մեջ։

Հանձնաժողովը հայտնել է, որ «համակարգված տեղեկատվական արշավի» մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները կփոխանցվեն Ադրբեջանի համապատասխան պետական մարմիններին։

Նշենք, որ Թուրքիայում դժգոհությունների պատճառ է դարձել այն, որ Ադրբեջանի ներկայացուցիչը մնացել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *