ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գագիկ Մելքոնյանը շարունակում
է պնդել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ Սամվել Կարապետյանի հետ և առաջնորդությամբ,
մեկ նպատակ ունի՝ ձայներ հավաքել, ապա դրանք տալ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս
դառնա ՀՀ վարչապետ։ Նույն նպատակին է ծառայելու նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը,
հետևապես ընդդիմադիր եռյակի վարչապետի թեկնածուն Քոչարյանն է։ «Բայց Քոչարյանին իշխանության
բերելու համար նախ պետք է մեծ աշխատանք անեն՝ համոզեն մեր ժողովրդին, որ նա ամենախելոքն
է, ամենաբարին է, ամենաիմաստունն է, ինքն է, որ կարող է բերել երկրին խաղաղություն,
համերաշխություն ու մնացած ամեն ինչը»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով՝ ընտրական
պրոցեսի ինչ-որ պահից սկսած Կարապետյանն ու
Ծառուկյանը ստիպված են լինելու զբաղվել Քոչարյանի գովքով։
Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունն էլ,
որի շուրջ աղմուկ են բարձրացրել «ուժեղները», ըստ պատգամավորի՝ իզուր է, քանի որ այդ
փոփոխությունն ուղղված չէ որևէ կոնկրետ քաղաքական
ուժի դեմ, այլ ընտրական օրենսդրությունը շտկելու միտում ունի։ «Եվ բացի դրանից, Սամվել
Կարապետյանը մի քանի երկրի քաղաքացի է և իրավունք չունի առաջադրվելու ո՛չ պատգամավորի,
ո՛չ վարչապետի թեկնածու։ Նրա ամբողջ հույսը ՌԴ-ն է, թե՝ հեսա այդ երկիրը կստիպի մեր
իշխանությանը, որ մի փոփոխություն անի, իրեն անձամբ ընտրապայքարին մասնակցելու հնարավորություն
տա։ Բայց ՀՀ վարչապետը օրերս Մոսկվայում շատ տեղին ու կոռեկտ արձագանքեց ՌԴ նախագահ
Պուտինին՝ շեշտելով, որ այլ պետությունների քաղաքացիները չեն կարող հավակնել պատգամավորի
ու վարչապետի պաշտոնին»,- նշեց կառավարող ուժի
ներկայացուցիչը։
Անդրադառնալով
Մոսկվայում տեղի ունեցած հիշյալ հանդիպումից հետո ՌԴ տարբեր պաշտոնյաների ու փորձագետների բերանով իրականացվող քարոզչական արշավին՝ Մելքոնյանը
նկատեց՝ ՌԴ-ն անցել է շանտաժի հնարքին, ասում
է՝ կամ կընտրեք մեր ուզած քաղաքական ուժերին՝ ռուսամետներին, կամ էլ կթանկացնենք գազը
կամ այլ ճնշման լծակներ կբանեցնենք։
Հարցին՝
կառավարող ուժի նախընտրական կարգախոսին՝ տեր
կանգնիր խաղաղությանը, արդյոք կանսա՞ քաղաքացին՝
հունիսի 7-ին իր քվեն տալով խաղաղություն բերած ՔՊ-ին, պատգամավորը նկատեց՝ իր շփումները ցույց են տալիս,
որ, այո, քաղաքացին ընտրելու է հաստատված խաղաղությունը, քանի որ գերադասում է ընդհուպ
սոված ապրել, բայց՝ խաղաղության մեջ։ Եվ բացի դրանից, բոլոր այն քաղաքական ուժերը,
որոնք խոստանում են ուժեղ, երաշխավորված խաղաղություն, իրականում զբաղված են սպեկուլյացիայով։ Նրանց երեխաները հնարավոր պատերազմի
դեպքում չեն մասնակցելու դրան, մասնակցելու ու զոհվելու են հասարակ ժողովրդի զավակները։ Հետևապես ժողովուրդը
կամ պետք է ընտրի խաղաղությունը, կամ դրա այլընտրանքը՝ Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին
և ՌԴ-ի հովանու ներքո գործող մյուս քաղաքական ուժերին։
Գագիկ Մելքոնյանի
հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան