Գլխավոր դասը, որը պետք է մենք քաղենք 44–օրյա պատերազմից այն է, որ ամեն ինչ կապված է մեր ընտրություններից: Այդ մասին Եռաբլուրում հայտարարել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նրա խոսքով՝ այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ։
Խոսելով 44-օրյա պատերազմի իրադարձությունների մասին՝ Շահրամանյանը հայտարարել է, որ, իր կարծիքով, հայկական կողմը պետք է աներ հնարավոր ամեն ինչ՝ ներկայիս իրավիճակը թույլ չտալու համար։ «Սա 44-օրյա պատերազմի արդյունքն է, և Արցախի լուծարման սկիզբը դրվել է հենց 44-օրյա պատերազմի արդյունքով։ Մենք, իմ կարծիքով, պետք է ամեն ինչ անեինք, որպեսզի այս իրավիճակին չհասնեինք», – ասել է նա։
Շահրամանյանը նաև նշել է, որ արցախցիները պետք է կարողանան արժանապատիվ ապրել Հայաստանում, որն իրենց հայրենիքն է։