Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահից երեք օր անց Դաուրեն Կոսանովին ազատել է պաշտպանության նախարարի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։
Սեպտեմբերի 24-ին Մանգիստաուի մարզում ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում 17 զինծառայող ջուրն էր ընկել։ Ղազախստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ եղանակի կտրուկ վատացման և ուժեղ քամու հետևանքով նրանց քշել էր բաց ծով։ Երեքին հաջողվել էր փրկել, 14-ը զոհվել էին։
Դեպքից հետո պաշտպանության նախարարության հինգ պաշտոնյա է ձերբակալվել։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի և նավերի կառավարման կանոնների խախտման համար, որոնք ծանր հետևանքների են հանգեցրել։
Ձերբակալվածների թվում են Ղազախստանի զինված ուժերի ռազմածովային ուժերի շտաբի պետը՝ գլխավոր հրամանատարի առաջին տեղակալը, երկու զորամասի հրամանատար, ծովային հետևակի վաշտի հրամանատար և նավակի հրամանատարը։
Ողբերգությունից հետո Տոկաևը նաև հանձնարարել է համապարփակ ստուգում անցկացնել Պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հանձնաժողովը գլխավորել են Անվտանգության խորհրդի, Բարձրագույն աուդիտորական պալատի, նախագահի աշխատակազմի, Ֆինանսական մոնիթորինգի գործակալության, Ֆինանսների նախարարության, Գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության կոմիտեի և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները։