Լիտվայում առաջարկում են իրավապահներին թույլատրել նախազգուշական կրակոցներ արձակել

Լիտվայի ներքին գործերի նախարարությունը առաջարկում է ոստիկանությանը և մյուս իրավապահ մարմիններին վերադարձնել նախազգուշական կրակոցներ արձակելու հնարավորությունը և մեղմել հրազենի կիրառման գործող սահմանափակումները, հաղորդում է LRT-ն։

Գերատեսչությունում կարծում են, որ փոփոխությունները թույլ կտան ավելի լավ պաշտպանել աշխատակիցներին արագ զարգացող վտանգավոր իրավիճակներում։

Ներկայումս իրավապահը կարող է զենք կիրառել, եթե առկա է անխուսափելի վտանգ և ծայրահեղ անհրաժեշտություն։ ՆԳՆ-ն առաջարկում է հրաժարվել այս կոնկրետ չափանիշներից, քանի որ, ներքին գործերի նախարար Մարտինաս Կատելինասի կարծիքով, աշխատակցի համար երբեմն դժվար է մի քանի վայրկյանում օբյեկտիվ գնահատել իրավիճակը։

«Եթե պետությունը աշխատակցին հանձնարարում է կատարել այս աշխատանքը, և նա որոշում կայացնելու համար ունի մեկից տասը վայրկյան, կարո՞ղ է նա գնահատել, թե արդյոք գոյություն ունի անխուսափելի վտանգ», — ասել է Կատելինասը։

Միևնույն ժամանակ նախարարությունում ընդգծում են, որ հրազենը նախկինի պես պետք է մնա ծայրահեղ միջոց, իսկ դրա կիրառման դեպքում անհրաժեշտ է հնարավորինս նվազագույն վնաս պատճառել։

Առաջարկվող ևս մեկ փոփոխություն նախազգուշական կրակոցի վերադարձն է։ Այդ հնարավորությունը Լիտվայում վերացվել էր մոտ տասը տարի առաջ։ ՆԳՆ-ում կարծում են, որ կրակոցը կարող էր դառնալ մարդուն նախազգուշացնելու և իրավիճակի սրումը կանխելու լրացուցիչ միջոց, երբ միայն բանավոր նախազգուշացումը բավարար չէ։

Նախկին ոստիկան և հրահանգիչ Դալիուս Մակելան հանդես է եկել այս պրակտիկան վերադարձնելու դեմ։ Նա նշել է, որ օդ արձակված գնդակը չի անհետանում և ընկնելիս կարող է վտանգ ներկայացնել մարդկանց համար։

Իրավապահների կողմից զենքի օգտագործման շուրջ քննարկումը սրվել է այն բանից հետո, երբ այս ամռանը անօրինական միգրանտների խումբը հարձակվել էր սահմանապահ ծառայության աշխատակիցների վրա։ ՆԳՆ-ն նաև առաջարկում է սահմանապահներին ավելի լայն հնարավորություններ տալ զենք կիրառելու՝ ապօրինի սահմանահատման ժամանակ օգտագործվող սարքավորումների դեմ, օրինակ՝ սանդուղքների կամ թունելների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *