Ուկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել իրանական ԱԹՍ-ների դեմ պայքարի տեխնոլոգիաներ. Reuters

ԱՄՆ-ը սկսել է կիրառել ուկրաինական տեխնոլոգիաները իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում՝ Սաուդյան Արաբիայի առանցքային ավիաբազաներից մեկում։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությանը, խոսքը Sky Map կառավարման համակարգի մասին է, որը տեղակայվել է «Փրինս Սուլթան» (Prince Sultan) բազայում։

Գործակալությունը նշում է, որ ուկրաինացի զինվորականները ժամանել են բազա՝ ամերիկացի գործընկերներին համակարգի հետ աշխատելու հմտությունները փոխանցելու համար։ Այն օգտագործվում է թշնամու անօդաչուների, այդ թվում՝ իրանական Shahed-ների հայտնաբերման և որսիչ-դրոնների միջոցով պատասխան գործողությունների համակարգման համար։

Հատկանշական է, որ մեկ ամիս առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ մերժել էր Վլադիմիր Զելենսկու՝ իրանական դրոնների դեմ պայքարում օգնելու առաջարկը՝ հայտարարելով, որ նման օգնության կարիք չկա։ Սակայն Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր «Փրինս Սուլթան» բազան բազմիցս ենթարկվել է հարվածների, որոնց հետևանքով ոչնչացվել է E-3 AWACS հեռահար հետախուզական ինքնաթիռ և վնասվել են KC-135 լիցքավորող ինքնաթիռներ։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ձեռք բերված հրադադարի ժամկետը լրացել էր ապրիլի 22-ի գիշերը, սակայն Թրամփը հայտարարեց հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին։ Չնայած դրան, բանակցային գործընթացը մնում է փակուղում. Իրանը հրաժարվել է պատվիրակություն ուղարկել Պակիստան՝ Հորմուզի նեղուցի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *