Ֆրանսիայի նախկին սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը կարող է որոշել առաջադրվել 2027 թվականի նախագահական ընտրություններում, սակայն միայն այն դեպքում, եթե տեսնի հաղթելու իրական հնարավորություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա երկուշաբթի ասել է իտալական La Repubblica օրաթերթին տված հարցազրույցում։
«Նախագահի պաշտոնի համար առաջադրվելը որոշում չէ, որին կարելի է թեթև վերաբերվել, առավել ևս՝ երբ խոսքը պետության նախկին ղեկավարի մասին է, ինչպիսին ես եմ»,- ասել է Օլանդը։
Նա հավելել է, որ ընտրություններին մասնակցելու հնարավորությունը կքննարկի միայն բացառիկ հանգամանքների դեպքում և միայն այն ժամանակ, երբ իրական հնարավորություն լինի անցնելու ընտրությունների երկրորդ փուլ և, ի վերջո, հաղթելու։
72-ամյա Օլանդը Ֆրանսիայի նախագահն է եղել 2012-2017 թվականներին։ Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2027 թվականի գարնանը։
Երկու շաբաթ առաջ հրապարակված հարցման համաձայն՝ Ֆրանսիայի ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը շարունակում է առաջատար լինել նախագահական ընտրությունների առաջին փուլում, իսկ ձախ արմատական Ժան-Լյուկ Մելանշոնը զբաղեցնում է երկրորդ տեղը։
«2027 թվականի Ֆրանսիան քիչ ընդհանրություններ ունի այն երկրի հետ, որը ես կառավարում էի։ Մենք բախվում ենք ավելի սպառնալից, ավելի վտանգավոր և ավելի կոշտ աշխարհի, իսկ եվրոպական մայրցամաքը դարձել է այնպիսի տերությունների թիրախ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը։ Եվրոպան կանգնած է գոյաբանական ճգնաժամի առաջ»,- ասել է նախկին նախագահ Օլանդը։