ԱՄՆ սենատոր Փիթեր Ուելչը (Վերմոնտ նահանգից՝ դեմոկրատ) միացել է ԱՄՆ սենատորներ Թոմ Թիլիսին (Հյուսիսային Կարոլինա նահանգից՝ հանրապետական) և Թիմ Քեյնին (Վիրջինիա նահանգից՝ դեմոկրատ)՝ գլխավորելով երկկուսակցական նախաձեռնությունը, որով կոչ է արվում Թրամփի վարչակազմին հասնել Ադրբեջանում ներկայումս պահվող ավելի քան 300 քաղբանտարկյալների ազատ արձակմանը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելու նպատակով։ Այս մասին հաղորդվում է սենատոր Ուելչի կայքում։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակում սենատորները խոր մտահոգություն են հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի օրոք շարունակվող կամայական ձերբակալությունների և պատշաճ իրավական ընթացակարգերի չպահպանման առնչությամբ։ Նրանք ընդգծում են, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք Ադրբեջանը կստանձնի փոխադարձ բարեխիղճ պարտավորություններ, այդ թվում՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը։
Սենատորներն ընդգծում են, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև գործընկերության հաջող զարգացման համար այն պետք է հիմնված լինի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնառության վրա։
«Ադրբեջանում պահվում է ավելի քան 300 քաղբանտարկյալ, իսկ անկախ լրագրողների, ընդդիմության առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ բռնաճնշումները շարունակվում են ողջ երկրում։ Մենք կիսում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանն աջակցելու վարչակազմի շահագրգռվածությունը և կոչ ենք անում Ադրբեջանում պահվող բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը դարձնել ռազմավարական գործընկերության պայման։ Մեզ ոգևորել են Բելառուսում քաղբանտարկյալների ազատ արձակման ապահովման ուղղությամբ վարչակազմի հաջողությունները, և մենք կոչ ենք անում վարչակազմին նմանատիպ մոտեցում կիրառել Ադրբեջանի նկատմամբ»։
Սենատորներն ընդգծում են, որ քաղբանտարկյալների ազատ արձակման աշխատանքները պետք է սկսվեն հետևյալ անձանց ազատ արձակման առաջնահերթությամբ։ Նրանց խոսքով՝ նրանք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են, որոնք տարիներ շարունակ ենթարկվել են բռնաճնշումների՝ Ալի Քերիմլի, Ալասգար Մամեդլի, Անար Մամեդլի, դոկտոր Գուբադ Իբադօղլու, Ֆարիդ Մեհրալիզադե, Ռուֆաթ Սաֆարով, Թոֆիգ Յագուբլու և Ուլվիյա Գուլիևա։
Սենատորները նշում են, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից մարդկանց քաղաքական դրդապատճառներով անօրինական ձերբակալելու շարունակական գործելակերպը խաթարում է խաղաղության, օրենքի գերակայության և ԱՄՆ-ի հետ գործընկերության վերաբերյալ նրա ստանձնած պարտավորությունների նկատմամբ վստահությունը։
«Վարչակազմի որոշումը՝ հրաժարվել «Ազատության աջակցության մասին» օրենքի (FREEDOM Support Act) 907-րդ հոդվածի կիրառումից, արտացոլում է Ադրբեջանի հետ համագործակցությունն ավելի լայն ամերիկյան շահերի առաջմղման նպատակով խորացնելու պատրաստակամությունը։ Քանի որ Միացյալ Նահանգներն այս նշանակալի քայլը կատարել է բարեխղճորեն, մենք կոչ ենք անում վարչակազմին պահանջել Ադրբեջանի Հանրապետության նախագահից ցուցաբերել երկկողմ հարաբերությունների ամրապնդման համանման հանձնառություն։ Վերոնշյալ անձանց, ինչպես նաև անարդարացիորեն ձերբակալված բոլոր մյուս անձանց անհապաղ ազատ արձակումը նման հանձնառության նշանակալի վկայություն կլիներ։ Դա կընդգծեր, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ամուր գործընկերությունն ամրապնդվում է ոչ միայն ընդհանուր ռազմավարական շահերով, այլև հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքով», — եզրափակում են սենատորները։