Ռուսաստանին հաղթելն ու նրա քաղաքացիներին վախեցնելն անհնար է։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ընտրությունների արդյունքներով Պետդումա անցած քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
«Մեր մարդիկ ամուր են, խիզախ, գրագետ, նրանք հիանալի հասկանում են, թե ինչ է կատարվում Ռուսաստանի շուրջ։ Եվ պարզ դարձավ, որ նման մարդկանց վախեցնել չի հաջողվի։ Իսկ նման մարդկանց և նման երկրին հաղթելն անհնար է, ուստի հաղթանակն, անկասկած, մերն է լինելու», – ասել է պետության ղեկավարը։
Խոսելով Ռուսաստանում անցկացված ընտրությունների մասին՝ Պուտինը նշել է, որ նախընտրական քարոզարշավ լավ է անցել և ցույց է տվել քաղաքական մշակույթի բարձր մակարդակ։ Պետության ղեկավարը հավելել է, որ խորհրդարանական բոլոր կուսակցությունները հաստատել են իրենց կարգավիճակը, ինչպես նաև ներդրում են ունեցել քաղաքական համակարգի, պետական ինքնիշխանության և հասարակական կայունության ամրապնդման գործում։ Նախագահի խոսքով՝ ընտրությունները նաև ցույց են տվել ռուսաստանցիների աջակցությունը հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։
«Ժողովուրդը աջակցել է Ռուսաստանի համար կռվող հերոսներին։ Եվ ընտրությունները դա ևս մեկ անգամ հաստատեցին», – ընդգծել է նախագահը։
Բացի այդ, Պուտինը հայտարարել է արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից նախընտրական քարոզարշավը տապալելու և Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու փորձերի մասին։ Նա նշել է, որ թշնամիների գործողությունները լիակատար ձախողման են մատնվել։
«Հայտնի է, որ նման փորձեր, այդ թվում՝ ահաբեկչական մեթոդների կիրառմամբ, արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից ծրագրվել և իրականացվել են», – նշել է Պուտինը։