ԿԲ–ն և ԱՄՀ–ն քննարկել են մակրոտնտեսական իրավիճակն ու ֆինանսական համակարգում իրականացվող բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են առաքելության այցի հիմնական արդյունքները՝ անդրադառնալով մակրոտնտեսական իրավիճակին, առկա մարտահրավերներին և առաջիկա ժամանակահատվածի քաղաքականության ուղղություններին։

Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի շրջանակում սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքին՝ ընդգծելով ֆինանսական համակարգի կայունության և զարգացմանն ուղղված բարեփոխումների շարունակականությունը։

Ամփոփելով՝ կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ տնտեսական կայունության և ֆինանսական համակարգի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ։

ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին

Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ է 1992 թվականի մայիսի 28-ից: Հիմնադրամի հետ երկրի համագործակցությունը ներառում է խորհրդատվություններ մակրոտնտեսական քաղաքականության, ֆինանսական կայունության, պետական ֆինանսների կառավարման, հարկային քաղաքականության և վիճակագրական համակարգի զարգացման հարցերով:

ԱՄՀ Գործադիր խորհուրդը 2025 թվականի դեկտեմբերի 1-ին հաստատել է Հայաստանի հետ Stand-By Arrangement (SBA) նոր 36-ամսյա համաձայնագիրը՝ 128,8 միլիոն SDR գումարի չափով (ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 100%-ը կամ շուրջ 175 միլիոն դոլար), որն աջակցություն կցուցաբերի երկրի իշխանություններին մակրոտնտեսական կայունության պահպանման և կառուցվածքային բարեփոխումների ծրագրի առաջմղման գործում, ինչպես նաև երաշխիք կապահովի անորոշության պայմաններում:

SBA ծրագիրը նախատեսում է մակրոտնտեսական կայունության աջակցություն և բարեփոխումների իրականացում, ընդ որում՝ Հայաստանի իշխանությունները հայտարարել են այն որպես ֆինանսավորման կանխարգելիչ գիծ դիտարկելու մտադրության մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *