Ամերիկյան ուժերի կողմից օգտագործվող բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպում ներգրավված է եղել այլ երկիր, Fox News-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այն, ինչ տեղի ունեցավ և ինչ կարող էր տեղի ունենալ Միացյալ Թագավորությունում հանգստյան օրերին, շատ լուրջ իրավիճակ է։ Ակնհայտ է, որ դրանում ներգրավված է օտարերկրյա դերակատար։
Առայժմ դրա վերաբերյալ մանրամասների մեջ չեմ խորանա», – հայտարարել է Ռուբիոն։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի իշխանություններին, որոնք «շատ համագործակցող» են եղել։ Ռուբիոն միևնույն ժամանակ հիշեցրել է, որ, Իրանը բացահայտ կերպով սպառնացել է «հարձակվել ամբողջ աշխարհում ամերիկյան շահերի վրա»։ «Մենք միշտ դա մեծ լրջությամբ կընդունենք։ Դրա համար հետևանքներ կլինեն, եթե դա երբևէ տեղի ունենա կամ նույնիսկ նման փորձ արվի», – հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։