«Միասնական ընդդիմության մասին խոսելն այլևս որևէ նշանակություն չունի»․ Հակոբ Բադալյան

«Միասնական ընդդիմության մասին խոսելն այլևս որևէ նշանակություն չունի»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կարծում եմ, պետք է, թերևս, դադարեցնել հաճախակի, ինտենսիվ քննարկումները ընդդիմության, այսպես ասած, միասնական ճակատի կամ դաշինքի մասին: Այդ խոսակցությունները բացարձակապես ապարդյունավետ են և կարող են բխել միայն այն ուժի շահերից, որը շահագրգռված է ընտրական պրոցեսին մարդկանց քիչ մասնակցությամբ:

Րբ անընդհատ խոսվում է հետեւյալ տրամաբանությամբ՝ «ինչ ափսոս, որ չստացվեց մեկ ճակատ կամ միասնական դաշինք», դա ուղղակի, թե անուղղակի՝ մարդկանց մոտ առաջացնում է այսպես ասած «գլոբալ չստացվելու» մտայնություն: Ասել է թե՝ ինչու՞ գնալ ընտրատեղամաս, եթե չի հաջողվել միասնական ընդդիմություն կազմել եւ հետեւաբար չի ստացվել «հաղթող» ֆորմատը:

Մինչդեռ, «միասնականի» հաղթող ֆորմատ լինելու մասին տեսակետը ընդամենը տեսակետ է, որը ոչնչով, բացարձակապես ոչնչով ավելի հիմնավոր չէ, քան հակառակ կամ որեւէ այլ տեսակետ: Ըստ այդմ, երբ այդ տեսակետը արտահայտվում էր մինչեւ ֆորմալ պրոցեսի մեկնարկը, այն բնականաբար ունենալով գոյության իրավունք նաեւ աշխատանք էր իրականություն դարձնելու ուղղությամբ:

Բայց, երբ պրոցեսը մտել է ֆորմալ փուլ, եզրափակիչ փուլ, որտեղ հստակ է, որ ընդդիմադիր դաշտում մասնակցությունը լինելու է այսպես ասած բլոկային տրամաբանությամբ, «միասնական ընդդիմության» մասին խոսակցության շարունակությունը հարվածում է մասնակցայնության բարձր ցուցանիշի հնարավորությանը կամ առնվազն առաջացնում է հարվածի ռիսկ:

Ես հիմա հանգամանալից չեմ արտահայտի իմ կարծիքը, որի մասին գրել եւ խոսել եմ պարբերաբար: Այն է, ըստ իս բլոկային տրամաբանությամբ մասնակցությունը պարունակում է արդյունավետության առավել մեծ եւ ճկուն հնարավորություն: Չեմ պնդի ոչինչ, ես պարզապես կարծում եմ այդպես: Կարծիքիս հիմքն այն է, որ հասարակության տրամադրությունները՝ ընդդիմադիր դաշտի առնչությամբ, ամենեւին միատարր չեն:

Բայց, թողնենք այն, թե որ տեսակետն է առավել իրատեսականը: Տվյալ պահին կա վիճակ, որում «միասնական ընդդիմության» մասին խոսելն այլեւս ըստ էության չունի որեւէ էական նշանակություն, փոխարենը վերածվում է ապարդյունավետության ռիսկի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *