ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի ու բարեկեցության վրա, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
ԿԲ մամուլի ծառայաության փոխանցմամբ, Գալստյանը ելույթ է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ, OECD) և Նիդերլանդների ֆինանսների նախարարության՝ ֆինանսական կրթության տեխնիկական աջակցության ընտրատարածքային ծրագրի «Ֆինանսական դիմակայունության ամրապնդում» խորագրով տարեկան հանդիպմանը, որը մեկնարկել է երեքշաբթի ՀՀ կենտրոնական բանկում։
ԿԲ նախագահը նշել է, որ Հայաստանում մշակվող Ֆինանսական կրթման ծրագրի երրորդ փուլում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում փորձարկմանը։
ՏՀԶԿ Ֆինանսական սպառողների պաշտպանության, կրթության և ներառման ստորաբաժանման ղեկավար Մայլս Լարբին իր հերթին նշել է, որ հանդիպումը, որը համախմբում է Հայաստանի և տարածաշրջանի ևս տասը երկրների ներկայացուցիչների, արտացոլում է ֆինանսական կրթության քաղաքականությունների զարգացման և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման ընդհանուր հանձնառությունը։
Նիդերլանդների ֆինանսների նախարարության համակարգող Անժելիկ վան Հաաստերենն էլ նշել է, որ ֆինանսական դիմակայունությունը նշանակում է կարողանալ արդյունավետ կառավարել առօրյա ֆինանսները, դիմակայել տնտեսական ցնցումներին, շարունակել շարժվել դեպի երկարաժամկետ նպատակներ և պահպանել վստահությունն ու սեփական ֆինանսների նկատմամբ վերահսկողությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանն ընդգծել է պետական կառույցների, Կենտրոնական բանկի, կրթական համակարգի, մասնավոր հատվածի և այլ գործընկերների համագործակցության կարևորությունը՝ ներկայացնելով նաև Հայաստանում դպրոցական կրթության մեջ ֆինանսական կրթության ինտեգրման փորձը։
Հանդիպումը կշարունակվի ևս երկու օր՝ ֆինանսական կրթության և ֆինանսական դիմակայունության թեմաներով հետագա քննարկումներով և փորձի փոխանակմամբ։