Կլիմայական ռիսկերը՝ բնակավայրերի մակարդակով․ ԿԲ-ն նոր գործիք է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, ներկայացրել է «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բնակավայրերի մակարդակով դիտարկել տարբեր տարածքներին բնորոշ կլիմայական և բնական վտանգները։

Ծրագրի նպատակը Հայաստանում կլիմայական ֆիզիկական ռիսկերի գնահատման միասնական, տվյալահեն և գործնական գործիքակազմի ստեղծումն է։

Գործիքը հնարավորություն է ստեղծում միկրոտվյալների հիման վրա հասկանալ, թե որքանով է բնակավայրը խոցելի կլիմայական ռիսկերի տեսանկյունից։

Քարտեզները նախատեսված են առաջին հերթին ֆինանսական կազմակերպությունների համար։ ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանի խոսքով՝ գործիքը կարող է կիրառվել, օրինակ, գյուղատնտեսական վարկերի տրամադրման ժամանակ։

«Դիտարկենք, որ մի բնակավայրը առավելապես մեծ հակվածություն ունի ֆիզիկական ռիսկերի, ինչպիսին է, օրինակ, երաշտը, և այստեղ գյուղատնտեսական վարկի կամ նմանատիպ հայտեր են լինում: Բանկը կկարողանա ավելի կանխատեսելի դարձնել իր որոշակի ռիսկերը, դրանք դիտարկել ապահովագրական մեխանիզմներում, այդ թվում՝ դիտարկել մեղմման հնարավորությունները»,– ասաց Մանուկյանը։

Ծրագրի փորձագետ Լիլիթ Մինասյանը նշեց, որ ծրագրում ներառված են բոլոր կլիմայական ռիսկերը, մասնավորապես, սողանքների, սելավների, հեղեղումների և երաշտի վերաբերյալ տվյալներ։

«Սկզբնական շրջանում որոշել էինք, որ պետք է ներառենք միայն կլիմայական ռիսկերը, պլատֆորմը զարգացրեցինք և այնտեղ ներառեցինք նաև ֆիզիկական բոլոր վտանգները։ Հաշվարկները կատարվել են՝ համապատասխան իրենց սցենարներով»,- ասաց Մինասյանը։

Ծրագրում առանձին ներկայացվում է նաև ջրի հասանելիության ինդեքսը։

«Յուրաքանչյուր բնակավայրի վրա սեղմելիս տեսնում ենք, թե այդ բնակավայրում որքանով է ջուրը հասանելի, ինչ ոռոգման համակարգեր կան այստեղ՝ դրենաժային ցանցից սկսած, մակերևութային ջրեր, հորեր և այլն»,– ասաց նա։

Տվյալները հասանելի են ինչպես բանկերին, այնպես էլ այլ օգտատերերի՝ ԿԲ պաշտոնական կայքում։ Բացի այդ, գործիքը հասանելի է նաև «Կլիմայական ռիսկերի ատլաս» հավելվածում, որը հնարավոր կլինի ներբեռնել սեպտեմբերի 30–ից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *