Էյֆելյան աշտարակը շահագործող ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին


Աշխարհ


Էյֆելյան աշտարակը շահագործող ընկերության՝ SETE-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Բրանկո Ռուվիոն հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին՝ այս տարվա վերջին։ Նրա հրաժարականը հաջորդում է ընկերության շուրջ առաջացած աղմուկին, երբ հինդուիստական կրոնական խմբի պատվիրակության այցի ընթացքում կին աշխատակիցներին հրահանգվել էր չսպասարկել այցելուներին։

Ընկերության ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ այցի կազմակերպման ընթացքում տեղի են ունեցել «գործառնական բացթողումներ», որոնց հետևանքով կին աշխատակիցները զրկվել են այցելուներին սպասարկելու հնարավորությունից։ SETE-ն այդ իրավիճակը որակել է որպես անընդունելի։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին, երբ «Բոչասանվասի Ակշար Պուրուշոտտամ Սվամինարայան Սանստհա» (BAPS) հինդուիստական կրոնական խմբի շուրջ 100 անդամ այցելել է Էյֆելյան աշտարակ։

BAPS-ը կրոնական շարժում է, որը հիմնադրվել է 20-րդ դարի սկզբին։ Կազմակերպության միջոցառումների ժամանակ կանայք և տղամարդիկ սովորաբար առանձնացված են, այդ թվում՝ որոշ տաճարներում նախատեսված են առանձին մուտքեր։

SETE-ի փոխանցմամբ՝ BAPS-ի պատվիրակությունը խնդրել էր այցը կազմակերպել այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվի կանանց հետ շփումը։ Ընկերությունը, սակայն, նշել է, որ նման պայմաններին համաձայնելն անհնար է։

Չնայած դրան՝ այցի կազմակերպման ընթացքում կանանց աշխատանքը սահմանափակվել է, ինչն էլ հետագայում դարձել է ներքին հետաքննության և քննադատության պատճառ։

SETE-ն հայտարարել է, որ նման իրավիճակը հակասում է ընկերության սկզբունքներին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *