Հրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ Թադևոսյան


Հարեվաններ


Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը քաղաքականացված է համարում ռուսական «Վեստի» հեռուստաալիքի հրապարակման մեջ Հրազդանի «Firebird AI» կենտրոնի հնարավոր հետախուզական նշանակության մասին հնչած գնահատականը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասել է ճեպազրույցի ժամանակ։

«Կարծում եմ՝ դա քաղաքականացված գնահատական է»,– ասել է նախարարը։

Լրագրողի հարցին, թե արդյոք կենտրոնը կարող է օգտագործվել հետախուզական նպատակներով, Թադևոսյանը պատասխանել է ավտոմեքենայի օրինակով․ այն նույնպես հնարավոր է օգտագործել հանցագործություն կատարելու համար, սակայն դա պատճառ չէ ավտոմեքենաների օգտագործումն արգելելու։

Նախարարը միաժամանակ առաջարկել է հնարավոր վտանգների վերաբերյալ կոնկրետ տեղեկությունները գրավոր ներկայացնել նախարարությանը։

«Ցանկացած այդպիսի շահարկում կարող է լինել, բայց դա քաղաքականացված է, դա լուրջ չէ։ Որևէ փաստի առկայության դեպքում ներկայացրեք՝ սիրով նստենք, քննարկենք, հասկանանք»,– ասել է Թադևոսյանը։

Հարցին, թե որքան է Միացյալ Նահանգների ներդրումը նախագծում, նախարարը պատասխանել է, որ դրա ֆինանսավորմանը մասնակցել է հայաստանյան ֆինանսական կառույցների կոնսորցիումը։

Ավելի վաղ ռուսական «Վեստի»-ին մեկնաբանություն տված ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը պնդել էր, թե իբր Հայաստանում Հրազդանի «Firebird AI» տվյալների կենտրոնը կարող է ծառայել ԱՄՆ հետախուզական շահերին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *