Հարավային Կորեայում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի անունը կրող ռեստորանը հարձակման է ենթարկվել։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը իրականացրած չորս չինացիները դեպքից հետո մեկնել են Չինաստան։
Սեուլից հարավ գտնվող Սոննամ քաղաքում գործող ռեստորանի տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես են սեպտեմբերի 24-ի վաղ առավոտյան չորս դիմակավորված տղամարդ ներխուժում հաստատություն, կոտրում կահույքն ու ներկ ցանում։
Ռեստորանի սեփականատերը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ հաստատությունն անվանել է Սի Ծինփինի անունով՝ ցանկանալով այն դարձնել Հարավային Կորեայի լավագույն չինական ռեստորանը։ Նրա խոսքով՝ անվան ընտրության մեջ քաղաքական ենթատեքստ չի եղել։
Ռեստորանը գործում է շուրջ ութ տարի, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում սեփականատերը պահանջներ է ստացել անունը փոխելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ որոշ մարդիկ նույնիսկ գումար են առաջարկել դրա դիմաց։ Հարձակման հետևանքով վնասը կազմել է մոտ 15 մլն հարավկորեական վոն՝ շուրջ 11 հազար դոլար։
Ռեստորանը հինգ օր փակ է եղել և երեքշաբթի վերաբացվել է։ Սեփականատերը հայտնել է, որ այժմ քննարկում են անվանումը փոխելու հարցը։
Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալները 20-40 տարեկան չինացիներ են, որոնք ենթադրաբար մեկնել են Շանհայ և Չինաստանի Շանդուն նահանգի Յանտայ քաղաք։ Հարավային Կորեայի ոստիկանությունը պատրաստվում է Ինտերպոլից նրանց նկատմամբ կարմիր ծանուցումներ պահանջել։ Դրանք ձերբակալման օրդեր չեն, այլ միջազգային ոստիկանության համագործակցության շրջանակում հետախուզվող անձանց հայտնաբերելու և հնարավոր արտահանձնմանը սպասելու նպատակով կիրառվող ծանուցումներ են։