Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ձերբակալվածը Հայաստանի քաղաքացի է․ այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նրա հանրային պաշտպան Թեոնա Փերաձեն։
Նրա խոսքով՝ 40-ն անց տղամարդը Վրաստան էր ժամանել որպես զբոսաշրջիկ, իսկ այժմ օգտվում է լռելու իրավունքից, մինչդեռ դատարանը նրա նկատմամբ կալանք է կիրառել։
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ գործը քննվում է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասով՝ ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու փաստով։
Կիսանդրին այժմ ծածկված է, վնասվել է դեմքի հատվածը, սակայն քննությունը դեռ չի հրապարակել, թե ինչով է վնասվել հուշարձանը, ինչ ապացույցներ կան և որն է հնարավոր շարժառիթը։
Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ հետևում է գործի ընթացքին, իսկ նախնական դատական նիստը նշանակված է նոյեմբերի 12-ին։