Հայաստանը մտադիր է 250 միլիոն եվրոյի նոր վարկային համաձայնագիր ստորագրել Ֆրանսիական զարգացման գործակալության հետ։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Վարկային ծրագրի ֆինանսավորմանը մասնակցելու է նաև Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)։ Ներգրավված միջոցների հիմնական մասն ուղղվելու է 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանը։
Ֆինանսների նախարարության հիմնավորման համաձայն՝ վարկային միջոցների ժամանակին ստացումն առանցքային է բյուջեով նախատեսված ծախսերի անխափան իրականացման համար։ Ծրագրի նպատակներն են նաև պետական ծախսերի ու ներդրումների որակի բարձրացումը և աստիճանաբար արտաքին ֆինանսավորումից կախվածության նվազեցումը։
Վարկի պայմաններն են՝
- 20 տարի (որից 5 տարին՝ արտոնյալ)։
- Կառավարությունը դեռ պետք է ընտրություն կատարի ֆիքսված կամ լողացող տոկոսադրույքի միջև։ Լողացող տոկոսադրույքն ընտրելու դեպքում այն կկազմի տարեկան 5.1%։
2026 թվականի պետական բյուջեով Կառավարությունը նախատեսել էր դեֆիցիտը ծածկելու նպատակով ներգրավել ընդհանուր առմամբ 1.6 միլիարդ դոլարի վարկային միջոցներ։