Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը չի բացառել Եվրամիությանը վերամիավորվելու հնարավորությունը՝ ասելով, որ կառավարությունը պետք է քննարկի Եվրոպայի հետ հարաբերությունների ապագայի բոլոր տարբերակները։
BBC-ին տված հարցազրույցում Բերնհեմն ասել է, որ Brexit-ից հետո ձևավորված հարաբերությունները «ավելի շատ վնաս են պատճառել, քան օգուտ», և անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ կարելի է փոխել։ Նա նշել է, որ տարբերակները կարող են լինել ներկայիս հարաբերությունների պահպանումը, ԵՄ մաքսային միության կամ միասնական շուկայի հետ ավելի սերտ կապը, կամ նույնիսկ ԵՄ-ին ամբողջությամբ վերամիավորվելը։
Բերնհեմը նախկինում կողմ էր Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ին վերադառնալուն, սակայն այժմ չի ասում, որ դա անպայման պետք է տեղի ունենա։ Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է գնահատի յուրաքանչյուր տարբերակի հնարավոր առավելություններն ու թերությունները։
Նրա հայտարարությունները կարող են Brexit-ի հարցը կրկին դարձնել հաջորդ համընդհանուր ընտրությունների կարևոր քաղաքական թեմաներից մեկը։ Պահպանողականները Բերնհեմին մեղադրել են Brexit-ի շուրջ նախկին վեճերը վերսկսելու մեջ։ Լիբերալ դեմոկրատների առաջնորդ Էդ Դեյվին, իր հերթին, հայտարարել է, որ իր կուսակցությունը կողմ է ԵՄ միասնական շուկային և մաքսային միությանը միանալուն։
Բերնհեմը նաև հայտնել է, որ այս տարվա վերջին ԵՄ-ի հետ նախատեսվող գագաթնաժողովի ընթացքում ցանկանում է ներկայացնել Եվրոպայի հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակները։
Top News