Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը (ընկերության փաստացի գործունեության հասցեն՝ ք. Երևան, Մեսրոպ Մաշտոց 1, տվյալ հասցեում գործում է «My Fin» անվանումով) հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով, մասնավորապես՝ առաջարկվում է «One click սպառողական վարկ մեկ հպումով» (մինչև 5 մլն դրամ, սկսած 12.5 տոկոսից, 18-65 տարեկան անձանց համար):
Տեղեկացնում ենք, որ «My Fin UCO» անվանումով որևէ ընկերության Կենտրոնական բանկի կողմից չի տրամադրվել որևէ տեսակի ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է Կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս:
Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից»: