«Հրապարակ»․ Ռեպրեսիվ մթնոլորտը բարենպաստ չէ ընտրությունների համար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է․ սեպտեմբերի 30-ին կմեկնարկի եւ հոկտեմբերի 23-ին, ժամը 24։00-ին կավարտվի համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզչությունը՝ Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Իջեւան, Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում։ Նկատենք, որ ընդդիմադիր կուսակցություններն այս ընտրություններին բավականին պասիվ են, սակավաթիվ համայնքներում են առաջադրել իրենց թեկնածությունը, ինչը բուռն քննադատության է արժանանում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց կողմից: Բացատրեցին, որ պատճառն այն է, որ իշխանությունը դաժան ճնշումներ է գործադրում մարզերի բնակիչների նկատմամբ` սպառնալիքներով ու շանտաժով կանխելով նրանց առաջադրումները: Մարդիկ վախենում են հայտնվել տեղական իշխանությունների, ուժայինների թիրախում եւ արդյունքում հայտնվել բանտերում, կորցնել եկամտի աղբյուրները, նրանց հարազատների նկատմամբ են ճնշումներ կիրառվում: Մի պատճառ էլ կա, որ, ճիշտ է` այս ընտրությունները համամասնական ընտրակարգով են, այսինքն` կուսակցություններ են առաջադրվում, սակայն համայնքներում ընտրում են համայնքապետ, եւ անձի` թեկնածուի խնդիր կա:

Քաղաքագետ Սուրեն Սուրեն­յանցը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով ստեղծված իրավիճակի մասին, նկատեց. «Նախ ասեմ, որ նորություն չէ այն հանգամանքը, որ ՏԻՄ ընտրություններում անձերը կարեւորվում են, նույնիսկ համապետական ընտրություններում, ցավոք, կարեւորվում են անձերը, այլ ոչ թե ծրագրերը, ուր մնաց ՏԻՄ ընտրություններին այդպես չլինի: Բնականաբար, տեղական ընտրություններում անձերի գործոնը շատ է կարեւորվում, բայց կուսակցությունների խնդիրն այն է, որ կարողանան ներդաշնակություն ստեղծել իրենց գաղափարների, ծրագրերի եւ ՏԻՄ-երի միջեւ: Դասական իմաստով ՏԻՄ ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն, սակայն դա բնավ չի նշանակում, որ կուսակցությունները չպետք է դրանց մասնակցեն, մանավանդ որ օրենսդրությունն այնպիսին է, որ կուսակցություններից բացի ոչ մի այլ կառույց չի կարող ընտրություններին մասնակցել»:

Սուրենյանցն անդրադարձավ նաեւ ՏԻՄ ընտրություններում ընդդիմության պասիվությանը. «Երկրում բարենպաստ միջավայր չէ ընտրությունների համար: Ռեպրեսիվ մթնոլորտը՝ մի կողմից, խորհրդարանական ընտրություններին հաջորդող ընտրությունների ապատիան՝ մյուս կողմից: Մարդիկ, մեծ հաշվով, գլոբալ փոփոխությունները պայմանավորում են համապետական ընտրություններով: Խորհրդարանական ընտրություններին հաջորդող ՏԻՄ ընտրություններն այս պայմաններում հենց այսպիսին պետք է լինեին: Այդ գործոնը կա, եւ պետք է խոստովանել, որ ընդդիմությունը չունի օրակարգ, պասիվությունը նաեւ դրանով է պայմանավորված»:

Հարցին` իսկ ինչո՞ւ Ձեր ղեկավարած կուսակցությունը չի մասնակցում այս ընտրություններին, նախկինում մասնակցել եք ՏԻՄ ընտրություններին, Սուրեն Սուրենյանցն ասաց. «Մենք 2021 թվականի ընտրություններին, դրան հաջորդած ընտրություններին նույնպես շատ ակտիվ մասնակցություն ենք ունեցել, ամենաակտիվ ընդդիմադիր կուսակցություններից ենք եղել: Այս ցիկլը բաց ենք թողել այն պատճառով, քանի որ զբաղված ենք Գագիկ Ծառուկյանի հարցերով: Ամեն դեպքում չեմ բացառում, որ կարող ենք մասնակցել ինչ-որ մի ՏԻՄ ընտրության»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *