«Հրապարակ»․ Դիլիջանի ավագանու նիստում քվորում չի՞ եղել

Սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել Դիլիջան համայնքի ավագանու արտահերթ նիստ։ Այն վարել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, արձանագրությունը կազմել է Սոնա Եգանյանը։ Դիլիջանի համայնքապետարանի կայքում նշված է, որ նիստին ներկա է եղել ավագանու 11 անդամ՝ համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ղեկավարի առաջին տեղակալ Արման Բազինյանը, Քրիստինե Սարգսյանը, Արշակ Խեմչյանը, Նարեկ Հարությունյանը, Սուրեն Գրիգորյանը, Քրիստինե Շահնազարյանը, Նարեկ Ալիխանյանը, Արմեն Թալանչյանը, Նունե Սանթրոսյանը, Շուշանիկ Սահակյանը։ Օրակարգում ընդգրկված էր 3 փոքր հարց՝ համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից Դիլիջան համայնքին նվիրաբերված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշում ընդգրկելու մասին, ավագանու 2025թ․ նոյեմբերի 7-ի թիվ 1003 –Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։

Համայնքապետարանի ինտերնետային կայքում նշված է, որ բոլոր հարցերի վերաբերյալ ավագանու 11 անդամները կողմ են քվեարկել, դեմ, ձեռնպահ քվեարկողներ չեն եղել։ Դիլիջանից ստացված տեղեկությամբ՝ ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Նունե Սանթրոսյանն այդ նիստին չի մասնակցել` կայքում տեղադրված սեպտեմբերի 18-ի նիստի տեսագրության մեջ նա չկա։ Հեռախոսազրույց ունեցա Ն․ Սանթրոսյանի հետ, որն առաջիկա ընտրություններին առաջադրվել է որպես համայնքապետի թեկնածու, ներկայանալով որպես լրագրող։ Հարցրի՝ մասնակցե՞լ եք սեպտեմբերի 18-ի նիստին: Ասաց, որ մասնակցել է։ Ասացի, որ ինքը չի երեւում նիստի տեսագրության մեջ։ Ասաց, որ կողքի է նստել, հետո ստորագրել է նիստի արձանագրությունների տակ։ Իսկ ինչո՞ւ չեք երեւում տեսագրության մեջ՝ հետաքրքրվեցի ես։ Սանթրոսյանն ասաց, որ այդ մասին կարող եմ հարցնել ավագանու նիստը տեսագրած օպերատորին։ 3 րոպեանոց տեսանյութում երեւում է, որ ավագանու նիստի ժամանակ երկար սեղանի շուրջ բազում ազատ տեղեր, դատարկ աթոռներ կան։ Մեր հեռախոսազրույցը հանդարտ ընթանում էր մինչեւ այն պահը, երբ Սանթրոսյանն իմացավ, թե ով է իր հետ խոսող լրագրողը: Ապա զայրացած ասաց, որ նախկինում ճիշտ բաներ չեմ գրել իր մասին։

Դիլիջանի ավագանին 21 անդամ ունի, նշված նիստի քվորումն ապահովելու համար պետք է մասնակցեր ավագանու նվազագույնը 11 անդամ, այսինքն՝ Ն․ Սանթրոսյանի բացակայության դեպքում նիստը չէր կարող կայանալ, քվորում չէր կարող լինել։ Նիստի օրակարգի 3-րդ հարցով ավագանու թիվ 1003-Ա որոշման մեջ օրենքի ուժով «աշխատակազմի քարտուղար» բառերը փոխարինվել է «աշխատակազմի ղեկավար» բառերով։ Ն․ Սանթրոսյանին հարց տվեցի նաեւ, թե ավագանու այդ նիստով սահմանված, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը նախկինում ինչպե՞ս էր կոչվում։ Նա ասաց՝ մասնագետ։ Եթե Նունե Սանթրոսյանը մասնակցել է ավագանու արտահերթ նիստին, ինչո՞ւ չկարողացավ հիշել, որ այդ հաստիքը նախկինում համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար էր կոչվում, ոչ թե՝ մասնագետ։

Հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջան համայնքի ավագանու համամասնական ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության (նախագահ՝ Արամ Զավենի Սարգսյան) նախընտրական 11 հոգանոց ցուցակը գլխավորում է այդ կուսակցության անդամ, 1970 թ․ ծնված Նունե Սանթրոսյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում Սանթրոսյանի վերաբերալ` «Աշխատանքի վայրը, պաշտոնը (զբաղմունքը)» խորագրի ներքո գրված է․ «Դիլիջանի համայնքապետարան․ ավագանու անդամ»: Համայնքի ավագանու անդամի գործունեությունը հասարակական աշխատանք է, չվարձատրվող, այն չի կարող աշխատանքի վայր համարվել։ Ըստ երեւույթին՝ Ն․ Սանթրոսյանը չի ցանկացել գրել, որ պաշտոնապես չի աշխատում` գործազուրկ է։ Ինչ վերաբերում է ավագանու սեպտեմբերի 18-ի նիստին նրա մասնակցությանը, ապա զանգահարեցի այդ նիստի մեկ այլ մասնակցի` ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Ալիխանյանին, հարցրի՝ սեպտեմբերի 18-ի նիստին Նունե Սանթրոսյանը մասնակցե՞լ է, ասաց, որ չի հիշում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *