191.1 մլրդ դրամ` պետական իշխանության մարմինների պահպանման համար. բյուջե 2027

ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով պետական իշխանության մարմինների՝ բացառությամբ ուժային կառույցների, պահպանման ծախսերի ընդհանուր գումարը նախատեսվում է 191.1 մլրդ դրամի չափով։ Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է բյուջեի նախագծից, որն այսօր ընդունվել է կառավարության նիստի ժամանակ:

Բյուջետային ուղերձում նշվում է, որ այս ծախսերը ներառում են ոչ միայն աշխատավարձերը, այլև աշխատակազմի վերապատրաստումը, վարչական շենքերի և շինությունների ձեռքբերումը, կառուցումն ու կապիտալ վերանորոգումը, տրանսպորտային միջոցների ձեռքբերումը, ինչպես նաև պետական մարմինների տեխնիկական հագեցվածությանն ուղղվող ծախսերը։

Միաժամանակ 2027 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով սահմանվում է, որ յուրաքանչյուր մարմնի պետական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը կազմելու է տվյալ մարմնի համար 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական ծառայողների հիմնական աշխատավարձի տարեկան ֆոնդի 10%-ը։

Այսպիսով, հաջորդ տարվա բյուջեով պետական ապարատի պահպանման համար նախատեսվող ծախսերը շարունակում են ներառել ինչպես ընթացիկ վարչական ծախսերը, այնպես էլ շենքերի, տրանսպորտի և տեխնիկական ապահովման համար անհրաժեշտ հատկացումները, իսկ պետական ծառայողների պարգևատրման ֆոնդը նախատեսվում է հաշվարկել նախորդ տարվա հիմնական աշխատավարձի ֆոնդի 10%-ի չափով։

Նախագծով 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 603,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 4 տրլն 72 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 468,2 մլրդ դրամ։

Եկամուտներից շուրջ 3 տրլն 462,7 մլրդ դրամը նախատեսվում է ստանալ հարկային եկամուտներից և պետական տուրքերից։ Պաշտոնական դրամաշնորհները կկազմեն շուրջ 14,2 մլրդ դրամ, այլ եկամուտները՝ 126,9 մլրդ դրամ։

Նախագծի համաձայն՝ բյուջեի պակասուրդը նախատեսվում է ֆինանսավորել ներքին աղբյուրներից՝ շուրջ 187,5 մլրդ դրամի, և արտաքին աղբյուրներից՝ շուրջ 280,7 մլրդ դրամի չափով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *