
Երևանյան քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում․ «Էն, որ բոլորը ասում էին՝ «պատերազմ է լինելու», ես ասում էի՝ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Ասում էին՝ «ի՞նչ գիտես»։ Բա յոթ տարվա վարչապետ եմ․ եթե ես էդ իրավիճակը չկարողանամ գնահատեմ, ես ո՞նց եմ վարչապետ։ Հիմա էլ ասում եմ՝ լինելու է պատերազմ սեպտեմբերին, ու աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն…»։
Երբ լրագրողները ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցնում էին, թե ինչո՞ւ է Փաշինյանը նման բան պնդում՝ նկատի ունենալով, որ այդպիսով, ըստ էության, ահաբեկում է ժողովրդին, Միրզոյանը պատասխանում էր․ «Սահմանադրական մեծամասնություն նշանակում է ավելի վստահ իշխանություն»։
Այսօր Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն չունի։ Հետևաբար, Արարատ Միրզոյանի տրամաբանությամբ՝ չունի «ավելի վստահ իշխանություն»։
Բայց այստեղ մի հարց է բաց մնում․ եթե Ալիևը Փաշինյանին հանդուրժում է առանց այդ «ավելի վստահ իշխանության», առանց Սահմանադրության փոփոխության, իսկ սեպտեմբերյան «աղետաբեր պատերազմն» էլ չեղավ, ապա ի՞նչ է փոխվել։
Ալիևը նոր բան գիտի՞, որը մենք չգիտենք։
Թե՞ պարզվում է՝ Փաշինյանի իշխանության վստահության համար գտել են ոչ թե սահմանադրական մեծամասնություն, այլ մեկ ուրիշ բան։
Եթե այդ «մեկ ուրիշ բանը» կա, գուցե ժամանակն է, որ հանրությունն էլ իմանա։
Որովհետև երկու բան արդեն փաստ է՝ սահմանադրական մեծամասնություն չկա, Սահմանադրությունը չի կարող փոխվել, իսկ սեպտեմբերյան աղետաբեր պատերազմն էլ չեղավ։
Ուրեմն մնում է ամենահետաքրքիր հարցը՝ ի՞նչ է ասել Ալիևին, որ մենք չգիտենք։